Էջ:Collected works of Atrpet.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և նա արժանավայել դիրք էր գրավել ամենքի մոտ։ Քիչ մտածելուց հետո նա կրկնեց.

― Մի դեռահաս կին և իր ծծկեր աղջիկը իրենց խոթության պատճառով մի տարի առաջ մեր թաղից արտաքսվեցան։ Մի աննման գեղանի աղջիկ էր մայրը, որը ամբողջ Թավրիզում նմանը քիչ ուներ։ Եթե լավ ուշք դարձնեին, ախտաժետի վիճակումն էլ նա դարձյալ լիովին չէր կորցրել իր բնատուր կազմի գեղը։ Այնպիսի հասակ ուներ, այնպիսի մազեր, որ հազարավոր կույսերի մեջ դժվար էր հավասարը գտնել։ Այնպիսի նուրբ մորթ ուներ, այնպես վառվում էիննրա դեմքն ու շրթունքները, որ գրավում էր ամեն տեսնողի։

Միակ պակասությունն այն էր, որ տնանկի աղջիկ էր։ Հայրը և եղբայրները փչացրել էին պապական մեծ կարողությունը։ Չքավորությունից ընկճված եղբայրները գնացել էին Ռուսաստանի խորքերը և էլ չէին վերադարձել, իսկ անգործ մնացած հայրը ամբողջ քսան տարի տնից ծախել ու կերել էր եղած֊չեղածը։ Սրանք նուխեցի էին, Թավրիզ գաղթելուց հետո կորցրել էին իրենց նախկին փառքը և օտար քաղաքում մերձավոր ազգականներ չունեին, որ աղջիկը կարողանային ամուսնացնել։ Մեր սովորությունը գիտես, ընդհանրապես զարմիկներն (cousin) են մեր մեջ իրար առնում, օտարներից միայն հարճ ենք վերցնում։

Այս աղջիկը տանը մնաց մինչև 18 տարեկան հասակը։ Այս տարիքումն է միայն կուսական աղջիկը կատարելապես կազդուրվում և հասնում վարդային գեղի։ Բայց թուրքը այդ բանը քիչ էր հասկանում, նա որոնում էր մատաղահաս, 10-12 տարեկան աղջիկ։ Սրա անունը Քադիջե էր և ամբողջ թաղում հայտնի էր «Քադիջե֊բեյում» անունով, քանի որ նրա ծնողները բեյի ծագում ունեին։ Քադիջեն այդ 18 տարվան հասակում մնացած էր համարվում, ոչ մի կարգին ուզող չուներ։ Ծնողները թեև չքավոր էին, բայց դեռ չէին կորցրել նախկին մեծատան մեծասրտությունը։ Նրանք դեռ հույս ունեին, թե Նուխուց իրենց հարազատներից որևէ տղա անշուշտ կգա իր զարմուհուն կին առնելու։

Աղքատի հույսերը հազարից մի անգամ չեն կատարվում։