Էջ:Collected works of Atrpet.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շերիաթն ի՞նչ անե, երբ ախունդը իր մի քանի դռան վարձիկաշառքի համար ստել է, նենգել է, ամուսնության դաշնագիրը խարդախել ու փոխել է։ Այս կեղծիքները ինչի՞ պիտի անարգեն շերիաթը, որը այդ խարդախներին ուղղելու համար է երկիր իջել։

- Մի՞թե ալլահի կամքն էր, նախախնամությունն էր սահմանել, ա՜յ մարդ, որ սափրիչ Աշրաֆի լակոտը հարյուր հազարներ թալանե, Թավրիզ վերադառնա մեզ խաբե։ Մի՜թե այսպիսի գարշելի արկածներ բյուրավոր դարեր առաջ նախասահմանել էր ալլահը, որպեսզի տանջի ինձ, իմ անմեղ Քադիջեիս և ո՞ր հանցանքներիս համար։

- Ա՜յ կին, ասա՝ հաշա, ասա՝ մեղա, մի՛ մեղանչիլ, մի՛ հուսահատվիլ, մի հայհոյիլ և մի՛ անօրինանալ։ Այո՛, այդ բոլորը մեր ճակատին գրված էր, մենք պիտի քաշեինք և այսօր պարտավոր ենք լռությամբ և համբերությամբ տանել։ Դու կարծում ես, որ մեղք չունիս, բայց հենց այս րոպեին քո շրթունքներից օձեր ու կարիճներ են թափվում, որոնք այնտեղ բույն էին դրել ու զարգացել։ Ասա մեղա՛, ա՜յ բեյնամազի (տխմար-չաղոթող) աղջիկ։

Ամբողջ օրերով ու շաբաթներով վիճում էին ամուսինները. կինը նախատում էր անարդար նախախնամությունը, իսկ մարդը՝ կնոջ անհավատությունը։ Եվ այս տխուր ու մռայլ Օրերի մեջ այլևայլ սափրիչներ, դեղատուրներ և հմայողներ ամեն օր իրենց հաբերով, մահլամներով և հմայիլներով հարստահարում էին Քադիջեի տուն բերած աղքատ քսակը, որը երկար չդիմացավ, յոթ ամսից դատարկվեց։

Բավական չէր այդ սոսկալի վիճակը, Քադիջեն էլ ազատվեց, աղջիկ բերեց, բոլորովին հար և նման մորը, նույնիսկ հիվանդությունն էլ ժառանգած։ Մինչ այդ զառամյալները ողբում էին իրենց աղջկան, նրա մանուկը սուգը կրկնապատկեց: Հետզհետե ծախվեցան Քադիջեի զարդերը, ինչպես ծախվել էին մոր երբեմնի օժիտի գոհարները և կերպասները։ Այս տանջանքներին չդիմացան զառամյալները, իրար ետևից ընկան մեռան։

Քադիջեն այնքան նեղը մնաց, որ պարտավորված գրավ