Էջ:Collected works of Atrpet.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնողներդ էլ սև փողի համար քեզ տարան, ծախեցին…

— Եթե ես քեզ նման հաստատակամ լինեի, ծնողներս ինձ ստիպել չէին կարող: Հորեղբորորդուդ գոհարն ու մարգարիտը, ոսկին ու մետաքսը, ուղարկած սնդուսն ու թավիշը ինձ խաբեցին, և ես ծնողներիս ասացի, թե կերթամ Քերիմենց տունը և գնացի իմ հոժար կամքով։

— Հայտնի բան է, այնքա՜ն սոված օրեր էիր անցկացրել, այնքա՛ն հագուստի ու զարդի կարոտ էիր քաշել, որ պիտի խաբվեիր։ Բայց եթե ես մոտդ լինեի, այն ախտաժետը չէր կարող քեզ ճանկել, վարակել և այս վիճակին թողնել ու փախչել։

— Ես ասում եմ, որ էլ էդքոքին չբերես, ես այլևս կարողություն չունեմ նրա դեղերը քսվելու, տաք անկողնում պառկելու և նրա պատվիրած կերակուրներն ընդունելու։

— Այդ քու կամքից չի կախված, սիրելիս, ահա փափուկ դոշակ, բարձ ու վերմակ եմ բերել քեզ համար։ Կարպետ եմ գնել, պառկիր, և ես դեղերդ քսեմ։ Ուտելիք, ինչ որ հարկավոր է, ես կբերեմ ամեն օր։ Մի ամիս որ համբերես, բոլոր վերքերդ կլավանան, և դու կազատվես այս դժոխային որջից։ Ես խոսեցա վերզիացիների հետ, նրանք իրենց գյուղում մի տուն են ծախում ինձ և քեզ էլ այնտեղ պիտի ընդունեն։ Այնտեղ էլ կան քյուֆթեր, բայց դեղ են արել, առողջացել և ապրում են։ Դու էլ կլավանաս և այնտեղ կապրես մի ժամանակ, մինչև բոլորովին առողջանալդ։

— Ես ապրել չեմ ուզում, Ղուլի, ես մեռնելու եմ, ես երբեք չեմ կարող առողջանալ, հասկանո՞ւմ ես։ Զուր հույսերով դու քեզ մի՛ խաբիր։ Գնա՛, տար անկողինը և կարպետը։ Գիշերս գողերը կգան այդ բոլորը կքաշեն ու կտանեն։ Դեռ դրանց համար գուցե մեզ էլ սպանեն։

— Թո՛ղ տանեն, էլի կգնեմ։ Մի՛ վախենալ, թանկագին բան չեմ առել։ Ձեր հին կարպետը և մորդ դոշակն ու վերմակը, որ գրավ էիք դրել բախալ Ամոյի մոտ, նրանից գնեցի։ Ամենքը վախենում էին, թե հիվանդի ապրանք է, վարակված և