Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թոնիրին բոցերը աթոռակներու վրա նստող հյուրերը կլուսավորեին, անոնց տոնական օրերու թավշյա կոճուկները՝ դրվագված, ծաղկեբանված կլապտաններով, ոսկեգույն կշողային: Էնթարիները մետաքսե՝ կծըփային, լույսը կթացնար անոնց վրա, կսահեր, կալեկոծվեր: Մելիքենց Հեղնան հիմա հեշտ կերպով կանցըներ վերջին իր շար-շար մեծ ոսկիներ: Ան կդիտեր իր դրացիները խանդաղատանքով:

Թղթված լուսամուտի մը երկաթները կգծագրվեին աղոտ թուղթին վրա: Ծերուկ կինը կփսփսար, կսաղմոսեր, Նարեկեն հատվածներ կարտասաներ: Օհանջան չէր վրիվերցներ ակնարկեն: Հարսին հասակը կչափեր գորովալի:

Էնթարիները կվժվժային, կսարսռային, վզնոց ոսկիները կփսըրտային անուշ հունչերով: Պզտիկ լաճը՝ հազիվ յոթ տարու՝ կմշար նուռ այտերը մուշտակին տակ պահած: Կերազեր: Փչփչանքներու, ոսկի, արծաթ վարախներու մեջ պլլված Հիսուս մը, լույսերի մեջ ողող՝ ծանր երգերով, իրեն անծանոթ ներդաշնակություններով, զորս կրնար համեմատիլ տան դիմացի ծառերուն երգին հետ միայն, կիջներ երկինքեն: Հիսուսի հետ հրեշտակները կողովներով կբերեին կլոր լուսնի նման պտուղներ: Հովիվները, գառնուկներ շալկած, նորածին Հիսուսի կվազեին: Ծերուկն այնպես էր պատմած իր թոռան:

Դոփյուն մը հեռավոր տակավ կմոտենար: Ձիու մը արագ ոստումները,վայրկյաններու լռութենե վերջ, սառերու վրա չոր հնչյուններ կուտային: Հեծյալը կմոտենար: Շուշան ոստում մը ըրավ:Ոտքի ելան բոլորն ալ: Օհանջան դող մը զգաց:

Հեծյալը կեցավ:

— Հեղնա, Գոգորն է, — գոչեց Շուշան:

Երկու կիները դուրս վազեցին: Ծերունի հանին անհանդարտ կշարժեր, ժպտուն՝ դռան կողմը կնայեր: Գոգոր երևցավ իր ահագին վերարկուին մեջ, ան դրան սեմին վրա կեցավ, ընկրկեցավ:

Հեղնա մոտեցավ ամուսինին, փսփսաց բաներ մը Օհանջանի ականջին: Շուշան մեղմիվ ներս կհրեր ամուսինը՝ բաներ մը մրթմրթալով:

Երկու այրերը կմնային սառած, զիրենք խաչաձևող, պաղատող ակնարկներու մեջ:

—Էհ, տղաս, պիտի մնա՞ք այսպես: Փաթթվեցեք իրարու, պագեք ղիրար, հաշտվեցեք, վաղը ծնունդ է, —պոռաց ծերուկ կինը