Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դույն, մազերը՝ գրեթե կարմիր, երեսը՝ ինչ-որ բծերով ծածկված, սակայն՝ համակրելի»:

Ահա և Չաուշենկոն:

«Մյուսին ես շատ անգամ էի տեսնել քաղաքի զբոսավայրերում ու թատրոների առջև: Դա մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր՝ այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ, որ, կարծես, մագաղաթից լիներ շինած: Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը՝ կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված, հարթ ու նոսր մազերը մինչև ուսերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով՝ յախուի պես կպել էին բարակ պարանոցին ու ընդգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած էր թիկնոցավոր վերարկու, առանց աստառի, լայն թևերով: Մի ձեռքին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին՝ անկազմ զրքույկներ և տեղական լրագիրների համարները»:

Տեսնենք Լևոնի, արտիստին նկարը.

«Ես դիտեցի նրան: Մոտ 16-17 տարեկան մի պատանի էր՝ նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած: Հագված էր մութկապտագույն գոտևոր կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռին բռնած էր մի կակուղ, կանաչագույն գլխարկ՝ փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մի մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության ղգացում»:

Եթե այս տիպարներուն տեղ մը տվի, ատիկա պարզ այն պատճառով էր, որ քիչ անգամ կարելի է հանդիպել ատանկներու Շիրվազադեի գործին մեջ: Հետո եթե հարկ ըլլա ապացուցանել, թե ան կրնա ի հարկին նաև դառնալ գործավորին կամ արհետավորին զորեղ նկարիչը, պետք է կարդալ այն խիտ, շատ իրապաշտորեն սղագրված էջերը, որոնք կներկայացնեն արքայական յախդան ու իր պարունակյալները:

Հակառակ որ Լուիզան է երևութապես պատմվածքին առանցքներեն մին, ան շատ ալ հետաքրքրական չէ: Գեղեցիկ է և գեղարվեստը կսիրե, այսչափ: Ան Լևոնի իր հետ սիրահարվելուն շատ ալ ալատասխանատու չէ: Լևոնի սերը արտաքին ազդեցութենե մը, վայրկենական բռնկումե առաջացած զգացում մը չէ, ան սերը շատ խոր, կույր, անտեղիտալի բնազդե մը, ժառանգական ու թերևս տոհմային խորքե մը կժայթքի, ու զինքը շրջապատող նպաստավոր կամ աննպաստ պայմաններու տակ կդիմե դեպի ճակատագրական կորուստ: Արտիստը նախասահմանված է իր