Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որով կարելի է փրկության ելքը գտնել.. սերը իր ընդարձակագույն սահմաններով անշուշտ:

Մարութխանյանը, Ալիմյաններու փեսան, վեպին մեջ կներկայացնե հարազատ ավազակ մը: Ան իր եղբայրներռ ունի Շիրվանզադեի մյուս գործերուն մեջ: Մարութխանյանի իմաստասիրությունը միջոցներու մեջ խտրություն չի որոնելն է: Ան Սմբատի կըսե. «Բարեկամ, աշխարհում գողերը երկու տեսակ են՝ ազնիվ և անազնիվ: Ազնիվն ինքն է գողանում, անազնիվը ուրիշի գողություններն է ուտում»: Մարութխանյանի համար մեծագույն բաժինը գողցողն է ազնվագույն մարդը և անոր մեջ ժառանգականութենեն ավելի կխոսի իմացական մարդը, կյանքի գրությունը իմաստասիրած փորձառուն:

Այս տիպարին դեմ կա Դավիթ Զարգարյանը, Շուշանիկի Հորեղբայրը, նախկին ուսուցիչ, որ գրագիր, խեղճ ռոճիկով, Ալիմյաններու մոտ պահած է, սակայն, իր համոզումները անխախտ: Զարգարյան պարկեշտ է ու անշահախնդիր: Դեմք մը, այս նախկին ուսուցիչը, մին ազնվագույններեն, որուն նմաններուն կարելի չէ հանդիպել ՔԱՈՍԻՆ մեջ: Շուշան աշակերտուհին է Զարգարյանին, անոր այլասեր գաղափարներովը լեցված, կյանքի մասին իր լավատեսությունը ու թշվառությանց կույտի մը մեջ իր ժպտուն կացքը, որքան իր հոգիին ազնվությանն է արդյունք, նույնքան Զարգարյանեն ստացած դաստիրակությանը հետևանք: Շուշանի տիպարը ՔԱՈՍԻ մեջ ըստ իս խորհրդանշան մրն է: ՔԱՈՍԸ տիեզերք մը սեպելով, տիեզերքի անել բավիղներուն, զանոնք պատող բոլոր արգելքներուն, մռայլ խավարին դեմ կայծկլտացող լույսն է գեղեցիկ, զմայլերի Շուշանը, որ տիեզերական սերը կանձնավորե:

Ալ կձգեմ ՔԱՈՍԸ կենսավորող բոլոր բազմաթիվ դեմքերը, որոնք, սակայն, շահեկանութենե զերծ չեն բնավ ու կանցնիմ քննելու իր թատերական գործերեն երեք՝ «Եվգինեն», «Պատվի համարը», «Կործանվածը»:

Սունդուկյանցնեն վեր առաջին թատերագիրը եղած է Շիրվանզադեն, որ ներշնչված է իրական կյանքի դրվագներով: Իր առավելությունները Սունդուկյանցնի վրա վերաբերած ավելի խորությունն է նկարագիրներու մեջ ու գեղարվեստական կառուցվածքի խնամոտ ճարտարությունը: Չեմ հաշվեր վաթսունական թվականներե ի վեր թատերգակ բանաստեղծները թրքահայերուն, որոնց գործերը ավելի կամ նվազ ուռուցիկություններ են, սխալ կերպով ըմբռնված կամ կեղծ կամ միջակ հետևողությունները ֆրանսական րոմանթիկ թատերագության ու մանավանդ անոնք չըլլալով ժողովրդի արդի կյանքին դրվագները՝ ներշնչված են միայն