մեզ կներկայացնե այդ խլրտումը իր սկզբնական ֆազին մեջ, ու այսպես միայն կրնար ընել։ Մինչև այսօր ալ տակավին բարերար ըմբոստությունը չէ խանդավառած հայ կինը, ան, հաճախ մտածումով ազատագրվածմը, իր ընկերային շրջանակին կապված է տնտեսական կապերով։ Ազատ չէ կինը, որովհետև իր սպառումներու հայթայթողը չէ ինք։ Կնոջ հոգեկան, մարմնական, ընկերական բոլոր աղետները արդյունք են իր տնտեսական ստրկության։
Շիրվանզադեի գրականության մեջ չեն պակսիր զարգացած կիներ։ Սկզբունքներ, գաղափարներ առած են անոնք, բայց գործելու անկարող են։ Կզգան իրենց հանդեպ եղած անիրավությանց բոլոր ծանրությունը, բայց ոչինչ կրնան ընել։ Շատեր ճնշված ընտանեկան, ընկերային նախապաշարումի տակ, տեղի կուտան, ուրիշներ կմեռնին։ Անոնցմե ամենեն ըմբոստը շատ–շատ կրնա արհամարհելով հասարակաց կարծիքը՝ զատվիլ անբարոյական ամուսինեն, բայց անոր պես չի կրնար ազատ կենակցություն հաստատել, ինչպես ԱՐՍԵՆ ԴԻՄԱՔՍՅԱՆ–ին Գայանեն, ուրիշ մը, Վարվառա Մինաևնան՝ ԱՐԱՄԲԻ-ին մեջ՝ սիրելու անկարելիութենեն հուսակտուր՝ կմահանա։ Այդ կիներեն ոմանք իրենց թռիչքին մեջ նետահար իյնողներ են։ Նախապաշարումի, ստրուկ բնազդներու համատարած անելին մեջ այդ ազատախոհ էակները դատապարտված են փճանալու, եթե նույնինքն այր մարդու առողջ դատաստանը չմիջամտե ու չառաջնորդե կնոջ այդ քայլերը։ Ու իրավ, պակաս չեն այն մշակված, ազնիվ անշահախնդիր մարզիկը հեղինակի գործին մեջ, որոնք արդար քննութենեն վերջ իրենց ներքինին, հակառակ հասարակական անիրավ, տխմար դատաստանին, կպաշտպանեն նույնիսկ կնոջ կարծեցյալ անկումը։ Այդպես է ԱԲԱՄԲԻԻՆ Ռուստոմյանը, այսպես կընեն Եվգինեն, Վարսամյանն ու Ալվերդյանը։ Ասիկա կնոջ խնդիրին ելքը չէ, անշուշտ,բայց ելքին կառաջնորդե։ Պետք է զարգացած, աննախապաշար մարգը օգնե ժամանակ մը կնոջ, անոր առնել տալու համար ազատագրական առաջին քայլերը։ Մարգը մասամբ պիտի կատարե մայր ծիծեռնակին այն դերը, որով ան թռչիլ կուսուցանե նորավարժ ձագուկին։
Շիրվանզադեն կնոջ հարցը մեջտեղ դնելով, այդ հարցը լուծելու հավակնող որևէ դարման չի բերեր։ Որքան ալ որ հայտնի ըլլա, թե այդ իգական խնդիրը զինք շատ զբաղեցուցած կամ տառապեցուցած ըլլա։ Սակայն ան ոչ մեկ դարման կառաջարկե կնոջ ազատագրումին ի նպաստ։ Իր կին հերոսները իրենք ալ տակավին ոչինչ կարտահայտեն իրենց կացության ապագային մասին։ Անոնք կրավորական ըմբոստներ են միայն։ Շիրվանզադեն իբրև իրապաշտ և առարկայական իրականութենեն քաղած ըլլալով ամեն բան, թերևս իրավունք ունի այդպես