Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս պիտի ըլլար զգայացունց վերնագիրը աչքի զարնող մեծ տառերով գրված ու զզվելի կախման կետերով վերջավոված: Օրաթերթերի մը թարմությունն ու հրապույրը ավելացնող բան մըն է կարծեմ հայտնությունը, չէ՞, Արտակ:

Ու ով գիտե ինչպես հազարավոր մարդիկ, բուռն ու կործանող տառապանքի մը այդ արձագանքին առջև պիտի ծիծաղին կրկնելով՝

—Վարդապե՜տ, սիրահարությո՞ւն, ահա թե ուր ինկած է կուսակրոնության բարոյականը…

Կրկին ու կրկին պիտի կարդան ու նորեն խընդան, սրամիտ գռեհկություններ կուտակելով հետագա մանրամասնությանց վրա, զորս խեղկատակ ու կատաղի թղթակից մը կրնա երևակայել:

Այսպես անսպառ նյութ մը պիտի ելլե իմ սեփական թշվառութենես, ուրիշներուն իբրև ժամանցի նյութ:

Չէ՞ եղած, որ ես ալ ծիծաղած ըլլամ նմանօրինակ պարագայի մը առթիվ: Եսական է մարդը, ու մեր անձնական տառապանքեն դուրս ամեն բան կրնար հեգնվիլ…

ԺԹ

Ապրիլ…

Զվարթ տրամադրությամբ մը ելա այս առտու: Բացի պատուհանս ճիշտ այն պահուն, երբ նախիրը դաշտ կքշեին: Ջլապինդ այծերն և ուլիկները զիրար կհալածեին՝ երբեմն կանգ առնելով սկսելու համար եղջյուրներու կարճ այլ հերոսական մենամարտ մը: Կսիրեմ այծերը, ինքնատիպ են և ազատության սիրահար: Հետո ոչխարներու սպիտակ միազանգված հոտը գլխիկոր ու դանդաղ կհոսեր՝ շրջապատված լուսադեմ ու մայող գառնուկներեն, ապա երազուն կովերը կհետևեին անոնց, երկարասրուն ու դեդևող հորթերով. գոմեշները վերջապահներն էին սև, զազրելի ու դանդաղ:

Հաճելի էր տեսնել այս անասնական զանգվածը ու մանավանդ լսել մայուններու, պոռոչի ու թինդող բոժոժներու հարաճուն ընդխառնումը, որ խոնավ, տակավին միգամած գարնան առավոտին մեջ՝ ավետող հեռավոր արևն ու ավիշներու զարթնումը կողջուներ:

Այսպես՝ մինչ դաշտերու արահետներուն վրա դանդաղող կենդանյաց գնացքին կհետևեի աչքերովս, ահա գոմի վարի դուռնեն դուրս թռավ ահարկու ու անսանձ ցուլ մը, որ միջոցին մեջ մոլեգին պոռոչ մը նետելավ՝ սուրաց դեպի հոտը: