Էջ:Collection works of Sibil.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնով մը ըսավ ականջիս. «Նստե մեյ մըն ալ գրե, որ տեսնան»:

Այս բարեկամ ձայնը, այս մտացի թելադրությունը ոգևորեց զիս: Անմիջապես հարցուցի ուսուցչիս.

— Կ՚արտոնե՞ք որ ուրիշ մըն ալ գրեմ:

Ու գրասեղանիս առջև անցնելով կրկնեցի այդ ապուշ գիրը, որ պահ մը վրդովեր էր սրահին բարեկարգությունը: Կ՚երևա թե այս անգամ ավելի խնամքով գրեր էի: Հուզմունքները զիս չեն շվարցուցած երբեք: Ու կրկնապես հաղթանակեցի նախ՝ հերքելով ընկերներուս զրպարտությունը, հետո՝ ավելի մեծ գովեստներ լսելով ուսուցչես: Բայց ասոնցմե շատ ավելի անուշ ուրախություն մը կը գրկեր զիս հիմա. բարեկամ սրտի մը բաբախելը կ՚զգայի սրտիս մոտ. լույսի ճառագայթ մը կ՚ողողեր հոգիս. վայրկենապես կորսնցուցած էի պժգանքս Աննիցային նկատմամբ: Գրկեցի և համբուրեցի զինքը: