Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակը կը նկատե իր խաբեությունը, կեղծիքը, անհավատարմությունը, պչրանքը, այն ամեն զզվելի հանգամանքները, որոնք մարդը կը նվաստացնեն, և որոնց դեմ հավիտենական կոխ մը կը մղեն գիտությունն ու դաստիարակությունը։

Ինքը ըսած է տեղ մը․ « Արմենիսա ուղղամիտ կին մը ըլլալով, հետաքրքրական և շահագրգիռ ըլլալե դադրեր էր»։

Ի՛նչ սարսափելի գաղափար կազմած է ուրեմն ինքը կնոջ մասին, որ չի կրնար տոկուն ուղղամտության նկարագիր մը տալ անոր։

Իր ամենեն սուրբ, ամենեն համակրելի և խոհական կնոջ տիպարը մայրապետն է, որուն բարեհաճ է ըսել տալ․ «Քանի որ ինծի տրված չէր աշխարհքը վայելել, ջանացի որ ուրիշներ առանց ցավի վայելեն զայն․ իմ զրկումովս ուրիշներուն վայելքը շինեցի»։

Այդ միևնույն մայրապետը քիչ մը ետքը կըսե սակայն․ «Էրիկ մարդոց ցավատանջ գոռում գոչումները մտիկ ընելով իմ սրտիս զսպված ու անմռունչ ցավերը գոհացում կ՛ստանան, կը մեղմանան»։

Ճշմարիտ ճիվաղ մը չէ՞ այն կինը, որ իր սիրահարեն լքված ըլլալուն համար՝ վրեժ կը լուծե բոլոր այրերեն։

Բայց ինչո՞ւ այս հոռետեսությունը կանանց մասին, ինչո՞ւ մոռնալ իրենց անկեղծ հրայրքներուն անձնատուր, անոնց համար տանջվող, անոնցմով մեռնող գերազանցապես հերոս կիները, որոնք ամեն չարչարանք սիրով կը տանիին՝ հավատարիմ մնալու համար իրենց հոգվույն մեկ խորունկ զգացմանը։

Պիտի փափաքեի, որ վարպետը մտներ սերմերեն ներս ոչ միայն սրահներուն, ուր կիները հոլանի լանջքերով, մետաքսի շրշյուններով իրենց ծոծրակին բուրումնավետ շնորհքը կը պտտցնեն, այլ նաև հոն, ուր կինը պարզ շրջազգեստի մը մեջ նույնքան գեղանի, պարտքի, աշխատության և ճշմարիտ սիրո կյանքը կ՛ապրի,-թող ըլլա զրկանքով, տոկունությամբ լեցուն կյանք մը, որմե իրեններուն երջանկությունը կը կազմվի։

Բայց հարգելի հեղինակը երես կը դարձնե այդ կիներեն, աչքերը կը գոցե զանոնք չտեսնելու համար, որովհետև գուցե կը վախնա անոնց հավիտենական հրապույրեն, ինչ որ վնասակար պիտի ըլլալ թեզին: