Էջ:Collection works of Sibil.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինքը կը մաշեր իր հեռավորությունը, նաև այն կասկածը թե...

— Թե՞...

— Կը վախնայի որ հոն կը մնաս. ա՜հ այս մտածումը դժբախտ կ՝ըներ զիս...

Եվ հուզվելով այս հիշատակեն, երկու կաթիլ արցունք հոսեցան այտերն ի վար:

— Բայց հիմա որ քովդ եմ, ա՜լ չպիտի բաժնվինք իրարմե, կ՝ըսեր Գառնիկ Թաշկինակովը անոր աչքերը սրբելով:

— Իրա՞վ, ալ չպիտի՞ մեկնիս:

— Իմ երջանկությունս կը պահանջե, որ չբաժնվիմ քեզմե, Սոֆի՛ս, պատասխանեց երիտասարդը իր շրթունքին տանելով անոր նուրբ մատները, որոնք կը դողդղային արտակարգ հուզումով մը, զոր զսպել իսկ չէր մտածեր. այնքան երջանիկ էր իր եղբորը գիրկը, զոր միայն ուներ աշխարհի վրա:

Բայց այդ պահուն մինչ իր միտքը կը հրճվեր այս երջանկության վրա, սիրտը ըսավ իրեն թե իրական վիշտն էր, որ կ՝սկսեր իրեն համար։

Երիտասարդը նշմարելով քրոջը հուզումնալից վիճակին հետզհետե սաստկանալը, մտահոգությամբ կը համակվեր ինք ալ, վախնալով որ մի գուցե այդ հեղարկած ուրախությունը վնաս բերեր փափուկ աղջկանը, և ամեն ճիգ կը թափեր անդորրելու համար զայն։ Հարցումներ կ՝ուղղեր, զվարթորեն կը խոսեր իր հաջողությանց մասին, կը խոսեր շքեղ ապագայի մը վրա․ իզուր Սոֆի հառաչանքով կը պատասխաներ, ինչ էր այդ պահուն զինքը տրտմեցնողը, ինքն ալ չէր գիտեր։

Գառնիկ կը փափաքեր անշուշտ դեռ առանձին մնալ քրոջ հետ, որուն այնքան ըսելիքներ և որմե լսելիքներ ուներ այնքան, բայց անոր հուզումը չափավորելու համար խնդրեց որ զինքը ներկայացնե այդ ազնիվ անձերուն, որոնց գուրգուրանքը վայելած էր տարիներե ի վեր։

— Ուշացա արդեն, հարեց Սոֆի, և արցունքը սրբելով, ծառայի մը միջոցավ հրաման խնդրեց պ․ Գեղամոֆեն եղբայրը ներկայացնելու իրենց։