Էջ:Collection works of Sibil.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ մետաքսե ծըփանքն ալ թույլ ցոլացիկ
Բոլոր անձին դյութիչ բան մը կուտայն:

Ճառագայթ մը, լույս մը, ավյուն մը կյանքի
Մութ նայվածքին մեջ հրապույր մը կ՚արծարծեր,
Խորի՛ն անդունդ առանց ելքի ու հանգի,
Որուն գաղտնիքն ունի շանթերն ու կայծեր:

Եվ ժըպիտ մ՚ալ, չըքնաղ փըթթում մը վարդի
Կուգար բանալ շըրթուքներուն իր թերթեր
Ինչպես արևն իր ըզգեստովը զարդի,
Որուն առջև կը բացվին այգն ու եթեր:

Եվ կը բացվեր սիրտն երազի մը հեշտին
Այդ ժանյակե մըթնոլորտին մեջ տարտամ,
Ջերմ, կըմայող զարկ մը տալով իր շեշտին,
Զոր կը պաշտեր քերթողն ու ջոջն ալ փարթամ:

Բայց ամենուն համար սիրտն էր հեշտին
Լոկ կը սիրեր պերճ ժանյակներն անապակ,
Որոնց հըմայքն անձրևի պես կը թափեր
Այնքան խունկեր, այնքան վարդեր ոտքին տակ:

Կը փայփայեր զանոնք տենչով կաթոգին
Կյանքը դըրած անոնց վըրա հոլանի,
Կըրքոտ սեր մը, ուր կար հանճարն ու հոգին,
Ինչպես գիտեն սիրել կանայք խելանի:

Սև առտու մը սակայն հաղով մ՚արթնացավ
Իր ժանյակե լայն բարձերուն կըռթընած,
Մեջքին վըրա, կողքին վըրա կ՚զգար ցավ,
Ու կը հևար հոգնած, դեղնած, քըրտնած:

Թատրոնին մեջ ցուրտ էր առեր, կը հիշեր,
Երբ օթյակին դուռը բացվեր էր ետին.