Էջ:Collection works of Sibil.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


համարձակելու թե բուռն զգացումները այդչափ չէին կրնար շղթայվել և թե զանոնք շղթայել գիտնալը կեղծել գիտնալ էր: Սոֆի կը լռեր, կը զարմանար և կը մտախոհեր:

Բայց նամակները կ'սկսեին համառոտիլ հետզհետե և ցանցառիլ: Իսկ հորը հիացումը կ'աճեր աշխատասիրության և զբաղմանց ծանրության վերագրելով այդ անփույթ վերաբերմունքը:

Երկու աղջիկները պ. Գեղամոֆի ներկայության միայն կը խոսեին տարակա պատանվույն վրա, իսկ իրենց առանձնության ժամերը կ'անցընեին գրականության, գեղարվեստներու և ընկերական այլ և այլ խնդիրներու մասին բանակցելով:

Նորափթիթ օրիորդին նշանվիլը քիչ մը երկյուղ ազդեր էր վարժուհիին անոր մտքին ու սրտին վրա նոր տպավորություններու ծագումը տեսնելու կասկածով, ինչ որ կրնար դարձնել ուշադրությունը իր սիրած առարկաներեն, բայց կը դիտեր անոր անփույթ վարմունքը այդ մասին, և ջանքերուն կրկնապատկումը այն ասպարեզին մեջ, ուր այնքան քայլեր առած էր արդեն:

Հասակի զարգացումը տաղանդի և դատողության նորանոր առավելություններ կ'ընծայեր Բուբուլին, և այդ բարգավաճումը հոգեկան ձիրքերու այնքան արագ կը կատարվեր որ, Սոֆի փոխանակ աշակերտի, խորհրդակցի և սրտակից ընկերուհի մը սկսավ տեսնել այդ դեռափթիթ աղջկան անձին վրա:

Քանի՛ քաղցր է արդարև հաղորդակցությունը երկու մտքերու և սիրտերու որոնք զիրար կը ճանչնան ու կ'ըմբռնեն զիրար, որոնք միևնույն կերպով կը խորհին, և եթե իրենց գաղափարներու մեջ տարբերություններ ալ ծնին, բարձրագույն հորիզոնի մը մեջ իրարու ընդհարելով, հուսկ ուրեմն կը գրկեն զիրար և գրկախառն կը սլանան ամպե ամպ, աստղե աստղ, աշխարհե աշխարհ:

Պետք էր տեսնել, թե ինչ էին երկու աղջիկները իրարու համար: Կ'երգեին, կը կարդային, կը նվագեին, կը նկարեին և բնության հոգեզմայլ տեսիլներով կ'արբենային իրարմե ներշնչվելով, զիրար ամբողջացնելով: