Էջ:Collection works of Sibil.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրերու վերհիշումով: Այլ այդ հիշատակները որչափ ալ դառն ըլլային, ներկային հաճույքը ավելի զգալի ընելու միայն կը ծառայեին հիմա։ Ոչ ապաքեն ցավը, որ անցյալ է, ներկայի ուրախություններեն ավելի հրապույր ունի։ Միտքը պետք է ավերակներ թողու իր ետին որպեսզի հեշտանքով վայելե իր շուրջը ծաղկած վարդաստանները։

Սակայն Գառնիկ թեթևորեն կ՝անցներ այն ամենուն վրայեն որ տրտմությունը կը բուրեր։ Սոֆի, որ կարծես վիշտ զգալու հատուկ զգայարանք մը ուներ, կը գուշակեր իսկույն ինչ որ ան կ՝սքողեր իրմե և աչքերը արցունքով կը լեցվեին։

Այս եղբայրական սիրո խանդավառությամբ որքան ալ տարված ըլլային քույր և եղբայր, այնպիսի ազնիվ և քաղաքավարի կերպ մը կար Գառնիկին վարմունքին մեջ, որ պ․ Գեղամոֆ և իր աղջիկը կ՝զգային թե իրենք ալ Սոֆիին չափ առարկա էին երիտասարդին ուշադրության։

Բուբուլ հիմա շատ իրավացի կը գտներ իր բարեկամուհվույն տառապանքը եղբորը հեռավորության մասին, և այս զգացումը չէր ծածկեր անկե։ Ինք առաջին անգամ գառնիկը տեսնելուն՝ «Եղբայրդ ճիշդ քեզի կը նմանի», ըսեր էր, անկե ի վեր, ամեն առթիվ «Որչա՜փ կը նմանիք իրարու» կը գոչեր։ Անբիծ աղջիկը վարժված չէր պայմանադրական կեղծիքներու, պետք ունի ծպտելու, եթե գաղափարնելու ուղղությունը շնորհե անոր իր սեփական ազատությունը։

Բուբուլ անբծորեն կը թողուր որ երևա բոլոր սքանչացումն ու բերկրանքը զոր կ՝ազդեր իրեն Գառնիկին ներկայությունը։

Սոֆի իրավունք ուներ պարծենալու իր եղբորը անոնց վրա առաջ բերած ազդեցության մասին, և այդ պարծանքը այնքան երջանիկ կ'ըներ զինքը որ իբրև գերագույն էակ մը կը պաշտեր զայն: Իր սրտում դեմքը ժպտիլ սկսած էր հանկարծ նման դեռաբույս վարդի մը, որուն թերթերը արևուն տապեն դեռ նոր թոշնիլ սկսած՝ ցողի կաթիլ մը կը վերականգնե զանոնք, ձոնելով իրենց կենդանության թույրն ու բույրը։

Գառնիկ ալ անծանոթ հուզման մը ենթակա էր այն օրեն