Էջ:Collection works of Sibil.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ի վեր, ուր իր դյութական գեղովը, շողշողուն երևցած էր Բուբուլ: Իր վարդափթիթ դեմքը, իր քաղցրահնչյուն ձայնը արբեցում մը կուտար երիտասարդին, որմե կը վրդովեր ան, այլ փոխանակ խուսափելու, անոր մոտենալու խանդովը կ'այրեր: Անոր առանց նազանքի, ազատ ու անփույթ կերպերը, որ իր հրապույներուն նկատմամբ մանկական տգիտություն մը կ'ապացուցանեին, կը զարմացնեին, կը դյութեին երիտասարդը:

Քանի օրե ի վեր միևնույն տան մեջ կը բնակեր անոր հետ, վասնզի պ. Գեղամոֆ չէր թողած զինքը որ մեկնի, և տակավին մասնավոր խոսակցություն մը չէր ունեցած օր. Գեղամոֆի հետ. դեռ անծանոթ էին իրեն անոր գաղափարներ, ճաշակներն ու զգացումները, այլ ուր որ կը պտտեր ան, ճառագայթ մը կ'ելլեր անոր անձեն, որմե հմայված` արբեցության մը մեջ կ'ապրեր Գառնիկ շարունակ:

Երբ օդը բաց ըլլար, պ. Գեղամոֆ սովորաբար նախընթրիքը ծովեզերյա պատշգամին մեջ պատրաստել կուտար, որուն ձեղունն ու պատուհանները ծածկված էին տերևազարդ սաղարթներով: Ոստերուն մեջեն կը նշմարվեր ծովը փայլուն և երկինքը կապուտակ: Այդ պատշգամբը կը գտնվեր ճիշդ այն սրահին մեջ, ուր առաջին անգամ հանդիպեցանք Գառնիկին: Առտուն, ամենեն կանուխ ելլողները այնտեղ կ'սպասեին մյուսներուն:

Սոֆիին եղբայրը, որ իր նորօրինակ հուզման պատճառով շատ քիչ կը քնանար, առտու մը կանուխ ելավ անկողնեն, և մտնելով այն սրահը, ակնկառույց մնաց վերստին այն պատկերին առջև, զոր այնքան ուշադրությամբ դիտեր էր եկած օրը առաջին անգամ:

Բուբուլին մանկությունն էր ան, վարդի թուփի մը տակ նստած` վերջալույսին հետին ցոլքերուն կը նայեր երազկոտ, որոնք կարծես հետզհետե նվազելու երևույթը ունեին, անուշ թերաստվերի մը մեջ թողլով դեռափթիթ աղջիկն ու վարգենին:

Բուբուլ ալ կանուխ արթնցած էր այն առտուն, և շուտով արդուզարդը ավարտելով, հոն վազեց Սոֆիին գտնելու