Էջ:Collection works of Sibil.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դիմագրվելու վայրկյանը: Սակայն վտանգը կսպառնար և հետզհետե ավելի զարհուրելի կը դառնար:

Դիտեց վերջապես թե ալ ժամանակը եկած էր, և միտքըդրավ առանց Տիգրանին սպասելու հեռանալ ապարանքեն, հեռացնելու համար եղբայրը Բուբուլեն:

Իսկ եթե շարունակվեին անոր շաբաթական այցերը, կայծը որ բոց մը եղեր էր, կրնար հրդեհ մը դառնալ և այրել ու լափել խեղճ երիտասարդը:

Ուստի որոշեց եղբորմե գաղտնի երթալ պ. Գեղամոֆին բացատրել թե առանց իրեն ինչ տխուր կյանքի դատապարտված էր Գառնիկ, միայնակ լքված էր Ղալիաթո սենյակին մեջ, մինչ ինք կը վայելեր կյանքի բոլոր անդորրությունները իրենց քով:

Կը հուսար առանց իրերու բուն վիճակը ծերունվույն խոստովանելու, անոր հավանությունը ստանալ մեկնելու համար, ըստ որում փափկասիրտ էր ան, և չպիտի ուզեր որ դժբախտ ըլլար Գառնիկ:

Այլ բախտը ուրիշ կերպ տնօրիներ էր:

Ծերունվույն սենյակը մտած միջոցին իսկ իմացավ որ հեռագիր մը Տիգրանեն կիմացներ թե հետևյալ օրը Պոլիս պիտի մտներ:

Համակերպացավ ուրեմն իր նպատակին գործադրությունը քիչ մը ևս հետաձգելու հարկին, և ստիպվեցավ մասնակցիլ իր եղբորը հակառակորդը ընդունելու վերջնական պատրաստությանց:

Օդը ամպամած էր, անձրևամեր քամի մը կը շչեր անդուլ ծուվուն մակերևույթը կնճռոտելով, գետնին փոշին օդին մեջ բարձրացնելով ճերմակ ամպերու նման, և ամեն կողմ ծավալելով զայն:

Անցորդները թաշկինակներով աչքերնին կը ծածկեին փողոցին մեջ փոշիեն պատսպարվելու համար:

Կարծես սուգ մը կար զոր կողբար բնությունն ալ մարդոց հետ: