Էջ:Collection works of Sibil.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նորեն անգամ մըն ալ ըսե՛, կը սիրե՞ս զիս, երազ չէ՞ տեսածս։

— Բոլոր հօգիովս կը սիրեմ և հավետ պիտի սիրեմ, մրմնջեց աղջիկը արյունը գլուխը խոնված։

— Կը լսե՛ս, քո՛ւյրս, Սոֆի, դուն ալ լսեցիր չէ՞, դուն ալ կը վկայես, թե կը սիրե զիս, հարցուց հետզհետե ավելի գերգրգիռ։

— Հարկավ լսեցի, եղբա՛յրս, և բոլոր սրտովս կը վկայեմ իր սիրույն, պատասխանեց քույրը, առանց մտածելու թե ի՛նչ կ՚ըսեր։

Այն ատեն դեռատի աղջկանը ձեռքերը շրթունքին տարավ հիվանդը։

— Շնօրհակալ եմ, շնօրհակալ եմ, գոչեց երջանկության եռանդովը բոցավառ։

Բուբուլ այս անգամ չմտածեց զանոնք ետ քաշել։ Մեկ քանի օրե ի վեր այնքան վարժվեր էր այդ սիրո արտահայտությանց, որ հիմա շատ բնական կը գտներ զանոնք։ Նույնպես Գառնիկ իր հիվանդի երազները շարունակել կը կարծեր, բայց այս անգամ արթուն և կյանքի իրականություններով շրջապատված։

Իսկ Սոֆի հասկցեր էր թե իր եղբորը կյանքը այդ սիրով կրնար փրկել, կ՚զգար թե Բուբուլ շատ արժանի էր այդ պաշտելի կյանքին տերը ըլլալու։ Անոր անդուլ ու անձնվեր խնամքին մեջ կը տեսներ զգացմանցը ազնվությունը վիշտ կրելու կորովին հետ, որուն անկարող կը կարծեր զայն։ Իր ամենեն հուզյալ վայրկյաններուն մեջ իսկ դիտած էր թե երբ իր եղբայրը կը հեծեր ցավատանջ, Բուբուլ անոր եռջև ծունր դրած՝ այնպիսի տագնապներ կը կրեր որ, հայտնի էր թե բուն հիվանդեն ավելի կը չարչարվեր։ Վիրավորյալին մեկ ճիչը, մեկ հառաչանքը բավական էր մահվան դալուկով պաշարելու անոր կենդանի և վառվռուն դեմքը։ Եվ այն ուշադրությունը, այն մանրազնին հոգնածությունը, որով կը քներ ու կը գուշակեր երիտասարդին ցավերը, և այն ճշտությունը, որով անոնց վայրկենական հաշիվը կուտար բժշկին․ զարմանքի մեջ թողուցած էին զինքը։