Էջ:Collection works of Sibil.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գլուխը կապած ստվար պերողը այդ ճոխ շրջանակին մեջ:

Իր գործը ավարտելե ետքը, ժրաջան կինը լույսը առավ քովի սենյակը մտավ, և պատին առջև իրարու վրա գիզված անկողիններու կույտին վրա ծածկված սավանը վերցնելով՝ սկսավ վերմակները, բարձերը մեկիկ մեկիկ բազմոցին վրա փոխադրել, ինք իրեն խոսելով միանգամայն: Ու երեք անկողինները պատրաստած միջոցին՝ եթե մեկը ներկա գտնվեր հոն, կատարելապես պիտի կարենար տեղեկանալ թե ո՛րքան այրած էր հեք կնոջ սիրտը Մանուկ աղային անիրավություններեն, որ հորմեն մնացած 150 ոսկվո ժառանգությունը իր ձեռքեն խլելե ետքը՝ միշտ անարգանքով վարվեր էր հետը, զրկելով զինքն ալ, աղջիկն ալ ամեն վայելքե:

Միշտ այդ մենախոսության մեջ կը թափեր թշվառ կինը սրտին դառնությանց հեղեղը, չկարենալով բառ մը արտասանել ամուսնույն առջև, որ բռնավորի ցասկոտ վարմունքովը ընկճեր էր զինքը իր սպառնալիքներուն ներքև, բառնալով անկե կամքի կարողությունը, բայց չէր կրցած հաղթել բնավ ըղձեալու ուժին և երևակայելու պետքին զորս հանապազօրյա զրկումը ավելի զարգացուցած էր, և որոնք կուգային կ՚ամփոփվեին իր մեկ հատիկ աղջկան կյանքին ու ապագային վրա, օդային դղյակներ կառուցանելով ամեն օր և սոսկալի անկումով մը իր երազներուն մեջ պատժվելով ամեն անգամ:

Երբ անկողինները ավարտեցան, սենյակեն դուրս եկավ, «ախորժակ չունիմ այս գիշեր» ըսելով, և սրահին մեկ խորշը իր առօրյա աղոտքը անհասկանալի բառերով մրմնջելե ետքը, ներս մտավ, բազմոցին անկյունը նստեցավ ու գրպանեն ծխատուփը հանելով սիկառեթ մը բոլորեց: Ծուխը գոլորշիներ կազմելով հետզհետե կը ցնդեր օդին մեջ, և անոր հետ իր տխուր մտածումները կը հեռանային մտքեն՝ տեղի տալով զվարթ խոհերու, որոնք միշտ իր Լուսիկին գլխուն շուրջը կը դառնային:

Շատ աղեկ եղեր էր կղզի օդափոխության գալերնին. Գեղամոֆներուն հետ հարաբերություննին մանավանդ Աստծո մեկ հրաշքն էր, այնքան հարուստ, այնքան ազնվական մարդոց