Էջ:Collection works of Sibil.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այն ատեն Տիգրան օգնության հասեր էր իրեն հայտարարելով, թե աղջկան մը համար ավելի վայելուչ էր գուլպա հյուսել, քան թե քերթվածներ հորինել և երդի եղանակներ շինել, ծաղրեր էր անոնց ընկերությունը և պզտիկ ձգեր էր իր նշանածը, որ կարմրելով ա՛լ չէր համարձակեր բերանը բանալ։ Հետո, սկսավ նախանձոտ շեշտով մը մորը սեղանին ճոխությունները, երկու օրիորդներուն հագած եղանակին հարմար զգեստները, մինչդեռ ինք դեռ ամառվան հագուստովը կը պտըտեր։

— Աստված ողորմած է, աղջի՛կս, դուն օր մը ավելի աղեկները կունենան, ըսելով տեղեն ելավ գիշերվան կանթեղը վառեց, և ատենը ուշ է, ելի՛ր տեղդ պառկե, հարելով ինք ալ գնաց պառկելու։ Սակայն քուն չուներ Լուսիկ։ Ունելին ձեռքը առավ ու սկսավ կրակարանին մոխիրին մեջ մորը զգուշությամբ անթեղած կայծերը տարտղել, աճյուններուն վրա պառակուսիներ, եռանկյուններ, զուգահեռականներ գծել, ավրել, հետո նորեն գծել ու կը խորհեր և միտքը կը բերեր մանկության հեռավոր հիշատակները, թե ինչպես խեղճ ու անխնամ մեծցեր էր իրենց Պյուլպյւոլ-Տերեի տանը մեջ, ամառը փողոցին տղոց հետ ընկույղ խաղալով և ձմեռը անոնց հետ ձյունազնտակներ շինելով։ Հետո Թաղին վարժարանը դրեր էին զինքը կարդալ սորվելու համար, և օր մըն ալ իր ամսաթոշակը տարած չըլլալուն համար արտաքսվեր էր հոնկե, թե ինչպես հայրը հոգաբարձուներուն դեմ զայրանալով, անմիջապես ձեռքին բռներ Հոմ դպրոցը տարեր էր զինքը, քսանի տեղ հիսուն վճարելով։ Երեք տարի կեցեր էր հոն խեղճ աղջիկը, իր ամսաթոշակները կերած հացեն, պտուղեն, հագած զգեստներեն տուժելով, և կը հիշեր կրած բոլոր նվաստությունները, աչքին առջև կը բերեր,պեյերու, էֆենդիներու, մեծ վաճառականներու, փոծ-հյուպատոսներու աղջիկները, բոլորն ալ սքանչելի հագված, և ինք անոնց մեջ իր խեղճուկ շրջազգեստովը, միշտ առանց գլխարկի, առանց ձեռնոցի։ Մանավանդ քննության օրերը, երբ ընկերուհիները Թռիքոթեոզին կամ Կռոնպուքին արվեստանոցեն ելած հագուստներով կը