Էջ:Collection works of Sibil.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոխանցելու այն սրտառուչ պատմությունը, որ գլխավոր հրապույրն էր Գառնիկին, և անցնելու մոտ վարդի մը փոխակերպելու անոր այտերուն վառվռուն ու թարմ երնագները, առանց սակայն գեղեցկությանը վնասելու:

Սոֆի այն վայրկյանին ավելի զգալի հյուծում մը նշմարեց անոր դեմքին վրա, և հուզված ձայնով մը ըսավ.

— Ինքզինքդ ժողվե՛, Բուբո՛ւլ, այս գիշերն ալ անցընենք, վաղը կամ մյուս օրը ամեն բան կը խոսինք, և բոլոր մտատանջություններեդ կազատիս: Պիտի տեսնես թե զորապետը որքան բնական պիտի գտնե քեզի ոճիր մը երևցած գաղտնիքդ, և ինչպես պիտի ստանձնե իր եղբորը քով զքեզ արդարացնելու հոգը: Արդեն մեկ քանի անգամ հանդիպեցավ Տիգրանին կոշտ կերպերուն, և դիտեցի, թե ինչ հանդիմանական ձևով երեսը կը նայեր ամեն անգամ, որ զքեզ վշտացնոդ խոսք մը կ՚ըսեր ան: Դուն գիտես թե ռուսհայերը մեզմե ավելի ազատամիտ են այս տեսակ խնդիրներու մեջ, և չեն դատապարտեր մանուկ հասակին մեջ նշանված աղջիկ մը, որ իր նշանածը լավ մը ճանչնալե ետքը չուզեր ամուսնանալ անոր հետ:

— Նշանածիս հետ ամուսնանալ չուզելս կամ եղբորդ համար ունեցած սերս չէ, որ կը տանջե զիս այնքան, որքան այդ զգացումս երկար ատեն գաղտնի պահելով՝ տանը մեջ հարսնացվի դեր խաղալս, ինչ որ վատ արարք մըն է:

— Է՜հ, ատոր պատճառը փնտռենք. ի՞նչ է. քու անձնական շա՞հդ թե ծերունի հայրդ չվրդովելու հոգածությունդ:

— Եթե հայրս վշտացնելե չվախնայի, առաջին օրեն կըսեի Տիգրանին, թե զինքը չէի սիրեր բնավ, և ամեն զոհողություն հանձն կառնեի անկե բաժնվելու համար, բայց հա՜յրս, ա՜հ, անոր ցավին չեմ կրնար դիմանալ...:

Արդարև քանի քանի անգամներ Տիգրանին իրեն նկատմամբ ունեցած անտարբերությունը ակներև տեսնելով, փորձվեր էր Բուբուլ ամեն բան հայտնելով, կոչում ընել անոր վեհանձնությունը և խնդրել, որ միանա իրեն հետ համոզելու իրենց հայրը թե այդ միությունը դժբախտ պիտի ըներ