Տիգրան տուն չէր եկեր այն գիշեր. արդեն հայտնած ըլլալով իր հորը թե մինչև որ դուրս չելլեր Բուբուլ, ինք տունեն ներս չպիտի մտներ: Անտեղյակ էր ապարանքին մեջ պատահած դժբախտությանց, և կես գիշերեն ետքը, երբ իր սենեկապանը վերջապես զինքը պանդոկի մը մեջ գտնելով իմացուց հորը կաթվածահար ըլլալը, զղջաց իր անխոհեմ զայրույթովը զայն մահվան դուռը հասցուցած ըլլալուն, և արցունքով ներում խնդրեց անկե, այլ չկրցավ զայն ընդունելու սփոփանքին արժանանալ:
Սակայն մերժեց միշտ Բուբուլը տեսնել, պահանջելով որ դուրս հանեն զայն տունեն: Իր հորեղբայրը պաղատելով, թախանձելով հազիվ կրցավ համոզել զինքը, որ հուղարկավորության կատարվելեն ետքը գործադրե իր վրեժխնդրությունը հիվանդ, որբ աղջկան նկատմամբ:
Ըստ սովորության հանգուցյալին մարմինը եկեղեցի փոխադրվեր էր նույն գիշերը, և Սոֆի այս խռովալից տագնապներուն մեջ ժամանակ գտեր էր նամակ մը գրելու եղբորը, տեղեկացնելով զայն պատահած դժբախտությանց, և թեթևակի նկարագրելով Բուբուլին հիվանդությունը, որ կը ծանրանար հետզհետե: Երկու օր անցեր էր անկե ի վեր, կիրակիին սպասեր էին արժանավոր շուքով մը կատարելու համար ազնվական ծերունվույն թաղման հանդեսը, որ բոլոր կյանքին մեջ սիրելի և հարգելի եղած էր ամեն ծանոթներուն: Այդ օրեն ի վեր Բուբուլին հիվանդությունը առաջ գացեր էր ահռելի կերպով: Ֆիեվռը թիֆոիտի ամենեն վտանգավոր տեսակը ըլլալը իմացուցած էր բժիշկը, և հարյուրին մեկ հազիվ հույս տվեր էր իրենց:
Գառնիկ իր սիրո գաղտնիքին երևան ելլելը իմանալով ա՛լ երես չուներ ապարանք գալու, բայց Սոֆի ամեն օր կը գրեր անոր, ջանալով տակավ ընտելացնել զայն իր սիրելվույն վտանգալի կացության: Երիտասարդը գիշերն ի բուն կը թափառեր ցուրտին ու անձրևին տակ Բուբուլին ննջասենյակին պատուհաններուն ներքև, ճգնելով ամբողջովին փակված վեժերուն ետևեն ներսը անցած դարձածը գուշակել: