Էջ:Collection works of Sibil.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր մտածեր, բայց միայն Բուբուլը անվանարկել և վրեժ լուծել անկե:

Ու երբ իր աղջկան թախանձանքին զիջանելով Մանուկ աղան օրմը այցելության հնաց անոր, Բուբուլին աղքատ ու խայտառակ վիճակին վրա պատմեր էր իրեն Տիգրան,բայց ոչ ուրիշ բան:

— Մեզի համար բան մը չհարցուց, համարձակեցավ ըսելու դեռատի աղջիկը:

— Չէ,ձեր խոսքը չեղավ,պատասխանեց քըրըքճին:

— Մեզի բարև ալ չղրկեց, հարցուց անհամբերությամբ:

— Չէ, ըսիք ա՜, պոռաց խստաբարո հայրը, միանգամ ընդմիշտ աղջկանը բերանը փակելով:

Այն գիշերը մինչև լույս չկրցավ քնանալ Լուսիկ:Հետևյալ օրը ուրբաթ էր, և Բեմպե հանըմ սովորություն ուներ ամեն ուրբաթ,ամեն երեքշաբթի առտվները աղջիկը կանուխ արթնըցնել եկեղեցի երթալ առաջարկելով,բայց այն երկար ատենե ի վեր եկեղեցի ալ չէր երթար,և խեղճ կնոջ սրտին ամենեն ավելի ցավ ազդող բանը այդ եղած էր:

Լուսիկ կանուխ ցատկեց անկողնեն ելավ,մայրը քովի սենյակեն անոր ոտնաձայնը լսելով արտորնոք ներս մտավ ձեռքը հին,դեղնած ու քրքրված երազահան մը բռնած.

— Այս գիշեր երազ մը տեսա, նայե,աղջիկս,սուտին գիշերն է,ըսավ աղաչական ձայնով մը:

— Ինչ երազ տեսար,նայինք,հարցուց դեռատի աղջիկը հետաքրքրությամբ:

— Բարին ըլա, ըսե, որ զրուցեմ:

Այդ մամաիկիս սովորությունը դեռ չմոռցար,մայր,հոգըս,կուզես ըսե,կուզես մի ըսե, գոչեց բարկությամբ:

— Մի բարկանար, Լուսիկ, արևուդ մեռնիմ, արյունդ կը դառնա: Ես այսօր Ս. Խաչ պիտի երևամ, անկեց ալ ելլեմ թուղթ բացող կնիկ մը կա եղեր, անոր երթամ նայիլ տամ պիտի:

Լուսիկ, որ հայելիին առջև կայնած գլուխը կշտկեր,այս վերջին բառերը լսելով սանտրը ձեռքին թողուց, սիրուն