Էջ:Collection works of Sibil.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկիի չնչին գումար մը, որ տանը վարձքին և հացի ու ջուրի ծախքերուն հազիվ կը բավեր: Դեռ շատ մը պիտույքներ բաց կը մնային, և բավական ալ պարտք ուներ ասգին անգին:

Տեղափոխությունը և անմիջական կարևորություն ունեցող կահ կարասիներու գնումը` որքան ալ պարզ ու աժան բաներ ըլլային, առանց դրամի կարելի չէր անշուշտ, և զարմանալի այն էր, որ տան արդի անձուկ հաշվեկշիռը փակելու միջոցներեն զուրկ` իր սիրելվույն համար դաշնակ մը ձեռք ձգելու և գրադարան մը կազմելու միջոցներուն վրա կը մտածեր արդեն: Հոգիին խորեն կը հառաչեր ամեն անգամ, երբ կը խորհեր, թե իր սիրույն համար բարձրագույն դիրքե մը իջած էր Բուբուլ մինչև անասպասյակ կնոջ աստիճանը, թեպետ բնավ տրտունջ մը, տրտմության ստվեր մը անգամ չուներ դեռատի աղջիկը: Ընդհակառակը: Անոր ալ սրտին ամենեն մեծ ցավն էր տեսնել որ քույր եղբայր կը նեղվեին իր պատճառավ: Գիտեր թե առանց իրեն` Սոֆի կրնար իբրև դաստիարակուհի տուն մը մտնել և շարունակել այն անդորր կյանքը, զոր կը վարեր երբեմն Գեղամոֆի ապարանքին մեջ: Իսկ Գառնիկ` եթե ընտանիքի բեռը չունենար իր թևերուն վրա, ամուրիի ազատ ու անփույթ կենցաղին մեջ անտարակույս իր արվեստին ավելի նպաստավոր դիրք մը կ'ստանար:

Հարկ եղած ամեն կարելի զգուշություններով հասկցուցած էին Բուբուլին իր բուն հորը կենդանի ըլլալը, և Գեղամոֆներու հարստության մեջ իր բաժին մը չունենալը: Գիտեր հիմաթե աղքատ էր, թե խեղճ, լքյալ էակ մըն էր ուրիշներու գթությամբը մեծցած:

Եթե կանխավ իմացած ըլլար ասոնք, համարձակություն պիտի ունենա՞ր արդյոք ազատորեն իր սիրույն անսալու: Իր գերազանց դիրքին և հարստության նկատմամբ Գառնիկին պատկառանքն ու երկչոտությունը մղեր էին զինքը ավելի հանդուգն ըլլալու, վասնզի չկա այնքան կեղեքիչ բան մը սիրող սրտի մը համար որքան տեսնել իր պաշտած էակին հուսահատությունը իր նսեմ դիրքին պատճառավ: Վեհանձն ըլլալ կարծելով` խաբեբա եղած էր սակայն. իր հարստությունը վստահելով` բեռ մը դարձած էր հիմակ անոնց, ու չէր