Էջ:Collection works of Sibil.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ներկայությանը խոսիլ, վախենալով որ մի գուցե հակառակի իր խորհուրդին: Սպասեց մինչև որ իր ննջասենյակը քաշվեցավ ան: Այն ատեն խոսք բանալով իր բարեկամուհվույն, թախանձանքով խնդրեց, որ առանց առարկության ընդունի իր աղաչանքը և զինքը հոդաբարձության ներկայացնե: Սոֆի նախ ընդդիմացավ, հետո տեսնելով Բուբուլին բազձանքին անկեղծությունը, համոզվեցավ և համաձայնեցավ, որ ամեն բան կարգադրելե ետքը միայն իմաց տան երիտասարդին:

Հետևալ առտուն իսկ դաշնակի վարժուհին առավ հետը տարավ իր վաղեմի աշակերտուհին դպրոցին խորհրդարանը, ուր հոգաբարձության անդամներեն երկուքը միայն կային քովե քով թիկնաթոռներուն վրա բազմած:

Բոլորովին անծանոթ էին այդ դեմքերը Բուբուլին մեկը փոքրահասակ երիտասարդ մըն էր, և մյուսը հազթանդամ մարդը մը մորուսավոր, ճաղատ ճակատով: Այն անհոգ, ամբարտավան կերպը որով անոնք նստած տեղերնեն չուզեցին շարժիլ իրենց ներս մտնելը տեսնելով, երկչոտությամբ համակեց նորատի աղջիկը: Աթոռ մը անգամ չհաճեցան ներկայացնել իրենց նստելու համար, և իրենք հոն մնացին սենյակին մեջ տեղը:

Սոֆի որ վարժված էր այս տիրական կերպերուն՝ հանդարտությամբ խնդիրը առաջարկեց. հասկցուց թե իտալացի նշանավոր Բետրելլիեն նկարչություն սորված էր օր. Բուբուլ, թե կը փափաքեր դպրոցին գծագրության ուսուցչությունը ստանձնել:

Երկու էֆենդիները ներկայացված օրիորդին դառնալով ուշի ուշով դիտեցին զայն ոտքեն մինչև գլուխը չափելով, բայց այնքան հանդուգն, այնքան լպիրշ նայվածքով մը, որ շառագունեցավ Բուբուլ: Հետո, նշմայր մը ուղղելով իրարու, սկսան հարցաքննել զայն, ինչպես կը հարցաքննեն ամբաստանյալ մը:

— Քանի՞ տարեկան ես, հարցուց ճաղատ ճակատով մարդը: