Էջ:Collection works of Sibil.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քիչ քիչ գլուխնին տաքնալով այրերը սկսան իրենց մեջ խոսակցիլ: Ֆարիս տուտու ալ անոնց չափ կը խմեր, առանց բնավ փոփոխություն մը կրելու, և կը խառնվեր անոնց խոսքին արձակ համարձակ իր ծխագլանիկը վառելով և չունենալով բնավ վարմունքին կամ ձայնին մեջ զինքը այրերեն տարորոշող հանգամանք մը:

Բուբուլ սեղմված, ճնշված սրտով բազմոցին մեկ ծայրը նստած՝ ամեն բանի կը նայեր առանց բան մը տեսնելու, բառ մը չէր կրնար խոսիլ. միայն Ֆարիս տուտուին իրեն ուղղած հարցումներուն կարճ պատասխաններ կուտար: Մինակ էր բազմության մեջ, և իր վիշտերուն նվիրվելու ազատությունը չուներ, օտար կ՚զգար ինքզինքը այդ ընկերության մեջ, վասնզի կը հասկնար թե ոչ մեկուն սիրտը պիտի կարենար իրենին մոտենալ: Հետաքրքիր խուզարկու նայվածքներ կային իր շուրջը, բայց բնավ բարեկամ, բնավ կարեկից դեմք մը: Հոռիբ ձգեր գացեր էր սենյակեն առանց իր համակրական ժպիտներուն պատասխանելու, և ինք լցված, խորտակված կը մնար այնտեղ:

Այսպես ժամեր անցան, մինչև որ հաճի Տիրաճան աղան լավ մը օղիեն հագեցած՝ ոտքի ելավ ճաշի իջնելու համար:

Ցուրտ սենյակի մը մեջտեղը կը կենար խմորի ափսեն, որուն վրա ի պատիվ հյուրրերուն՝ ճերմակ սփռոց մը, պնակներ, փայտե գդալներ ու պատառաքաղներ դրած էին:

Այս նորանշան սեղանին շուրջը բոլորվեցան ամենքն ալ գետինը փռված կապերտներուն վրա նստելով ծալապատիկ: Բուբուլին աջ քովն էր Ֆարիս տուտուն և մյուս քովը Հոռիբին ամուսինը՝ Կմեսը, անշուշտ իր կնոջմե հեռու ըլլալու համար, ինչ որ տեղական ամենեն խիստ օրենքներեն մեկն է: Հոռիբ դիմացի կողմը նստած էր, իր տագերոջը քով, տասը տարեկան երես առած վտիտ տղա մը, որ հարսին ամեն պատառաքաղը բերնին տանելուն՝ արմունկովը անոր թևին կը զարներ, և կերակուրին թափթիլը տեսնելով կը զվարճանար:

Այս անհամ կատակեն բոլոր սեղանակիցները չափազանց կ՚ախորժեին, որովհետև ամենքը միաբերան ծիծաղներով կ՚ողջունեին զայն «Աստված պահե՛» գոչելով: