Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ թավիշե սըրահակներ, ամո՛ւլ պատրանք.
Քու քըմայքդ են անտառն ու դաշտ, սարերն արձակ
Ուր կը թողուն վանկ մը հովը, թըռչունն ու ձագ,
Վիշտը հրապույր մ՚է քեզ համար, և փոսն ու փուլ
Շողերուդ տակ կը փալփըլին ինչպես սըմբուլ:
Սիրտ մըն ես դուն, ո՛հ, զայն կ՚զգամ, սիրու քերթողի,
Երազներով, հմայքներով ու խանդով լի,
Կամ մայրիկիդ գիրկեն խըլված աղջիկ մը կույս,
Որ քողի տակ կը պարուրես սարսուռդ ու հույզ,
Դուն չես խոսիր բընավ, լուսնա՛կ, բայց կը դիտեմ
Թե շատ լալեդ կը տըժգունիս առտըվան դեմ,
Տըխուր նայվածքդ ինձ կը պատմե առատապես
Թե լոկ լույս մը չես դուն ուրիշ գունտերու պես:
Քեզի նըման ես ալ ցավեր ունիմ, լուսի՛ն,
Չեն հըմայեր զիս ալ կյանքի փառքերն ոսին.
Հոգիս թև մը միայն կ՚ուզե, կապո՜ւյտ փետուր.
Ճառագայթ մը քեզմե, բեկբեկ նըշույլ մը տո՛ւր,
Որուն կառչած վերաթևեմ իբրև պարիկ
Մինչև բյուրեղ քու ապարանքդ օդապարիկ:
Ես քեզի ձոն տամ իմ հոգիս անոր փոխան,
Պատմե՛ իրեն խորհըրդավոր իղձերդ համայն.
Թող գունտե գունտ սավառնելով մինչև հեռուն,
Արցունքդ ամբողջ տանի ցըրվե հովուն, ծովուն,
Եվ դարերուն վըրա կեցած միշտ անխափան՝
Ըլլա հավետ անմահ սիրույդ քու երգարան: