Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ գիշերը երբ ստվերները կ՚իջնեին, և ահը կը սավառներ մթնոլորտին մեջ, ահա կ՚սկսեին հնչել եկեղեցիներուն զանգակները, հույնինը, հռովմեականինը, բողոքականինը, լուսավորչականինը, մեկիկ մեկիկ, ծանր, թախծական, մեռելական գանգյունով մը որ կուլար, կը հեծեր, կը թախանձեր,հետո կը բողոքեր և իրարու կը խառնվեր, մեկ բերան՝ իբրև թշվառ ժողովրդի մը հեծեծանքը, երկար, անհատնում շունչով մը կը պոռթկար, կը գոռար, կ՚սպառնար, ու հոգնած, դադրած կանգ կ՚առներ հանկարծ ու մարած կ՚իյնար: Այն ատեն ժողովուրդը սև քողերով ծածկված կամաց կամաց մատուռներուն, տաճարներուն դուռներեն ներս կը սպրդեր, սյուներուն տակ կը կծկտեր մութին մեջ, և հսկումի աղոթքը, «Տեր, ողորմյա՛» կ՚աղաղակեր բոլոր ուժովը՝ արթնցնելու համար գերագույն գթությունը:

Բայց երկինք միշտ պարզ, անողոքելի կը մնար միշտ: Այնքան աչքեր հորիզոնին վրա ուղղված՝ չէին կրնար իրենց աղիողորմ արցունքներովը ողորմության ցողի կաթիլ մը խլել անոր առատաբուխ աղբյուրներեն:

Հին մարդիկը, պառավ մամիկները կը պատմեին սակայն թե այսպես պատահած էր մինչև Ծաղկազարդի կիրակին, և Քրիստոսի Երուսաղեմ մտած օրն էր որ ողորմությունը պիտի իջներ քաղաքին վրա: Իսկ մենք կը մտածեինք թե Զատկի տոնը մահվան նախատոնակը պիտի ըլլար այդ թշվառ ժողովրդին:

Այն առտու կանուխ, շատ կանուխ եկեղեցի վազեցի, առանց կոչնակի հրավերին սպասելու, բոլոր գիշեր չէր քնացեր, շաբաթներե ի վեր սպասումի անհամբերությունս տենդի փոխվեր էր. սրտիս մեջ հրաշքի մը ըղձանքը, մտքիս մեջ անոր ժխտումը, կը տագնապեին զիս: Ծաղկազարդի տոնին համար եկեղեցին բացառիկ շքեղությամբ զարդարված էր, ու այնպես կերպարանափոխված՝ որ կարծես առաջին անգամ կը տեսնեի զայն: Նայվածքս կը թափառեր տաճարին թափուր