Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեք անգամ ժամագըրքիս մեջ դըրի՝
Ափրոդիտի պարտեզներուն մեջ բերրի
Կերա ամեն տեսակ պըտուղ արգիլված։
Ահա, խումբ խումբ օձեր մարդու գանկերով՝
60 Եվ պոչերով իրար հյուսված, թավարծի.
Դուրս կը ճեպեն, կը ֆըշֆըշան ինձ նըզով՝
Թե՝ իրենց խոր բույներն ինչո՞ւ լեցուցի
Աղոթք և խունկ։ Եվ կը կըրեն կուրծքերուն
Կընոջ ծիծեր՝ զոր ես երկա՜ր ծըծեցի․
65 Գույնով՝ հազար, հոտովն միակ, համովն թույն,
Տարակույսի այդ կաթն երկա՜ր ծըծեցի․
Զայն շիթ առ շիթ հավաքեցին երակներ,
Այն երակները շեղումի, դիվական՝
Որ լըվալով օձակերպ թոք. սիրտ, գանկեր՝
70 Պատրաստեցին ինծի այդ հյութը դաժան։
Ներե՛, ո՛վ Տեր, ես մարդ, ես օձ ծըծեցի․․․
Գանկս անդունդ մէ ուր փըրփրեցավ ոռնագին
Տարակույսի ծովը, բնույթով կանացի.
Եվ միշտ կըրձեց հավատքըս, թո՜ւմբն ալիքին.
75 Ես գըրկեցի, փոխն ի փոխ, Տերն ու Սատանն,
Արևն ու ամպն․ հոգվույս աչքին ափերով
Հող նետեցի՝ ճառագայթի մը փոխան՝
Ճըշմարիտին արդյոքն ակնոց դընելով։
Կանցնին, կ՝անցնին։ Մեղքեր են սև, մոլեգին,
80 Հարպիաներ են ճապռավոր, ոհմակներ
Են գայլերու որոնց հետ մենք միասին
Հալածեցինք Աստըծո Գառն և իր սեր.
Եվ որդիներ են Բագոսի, հին աստըված
Միշտ պաշտելի անցյալին մեջ և այժմիկ,
85 Որդիներ են՝ զոր սընուցի հոգիս հաց
Տալով իրենց, և սիրտըս ալ՝ խաղալիք։
Էգ սատաններ են՝ որոնց հետ, քովեքով.
Ես գինովցա նույն գավաթի մ՝ անհամբեր
Շըրթունք գըրած, դըժոխքի նույն գինիով.
90 Համբուրեցի ես զանոնք, սև սիրուններ։