Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձյալ այդ վարդապետությունն է, զոր կը պաշտպանե՝ իր տրամաբանության ամբողջ տաքությամբն և ուժովը․ «Պարզ և համեմատական հարկատվություն մը, կըսե ի մեջ այլոց, մի՞թե հարուստեն ավելի աղքատին վրա չէ, որ կը ծանրանա։ Այն մարդը, որ իր ընտանիքը կերակրելու համար պետք եղած հացեն ավելի քանակությամբ լի արտադրեր, մի՞թե պետք է հարկ վճարե ճիշտ այն համեմատությամբ այն մարդուն, որ իր նշանակելի տաղանդին, ընդարձակ ստացվածքներուն և դրամագլուխներուն շնորհիվ ոչ թե միայն կը վայելե և իրեններու զվարճությանն համար կը հայթայթե շռայլության ամենաճոխը, այլ նաև կը բազմապատկե ամեն տարի իր գանձը։ Դուք այս ձկտումին ոչի՞նչ կը գտնեք, որ վանե արդարությունը»։

Հոս թվիլ մի առ մի այդ մասին ամեն գրողները և իրենց գաղափարները՝ երկար պիտի ըլլա... Երբ Թուրքիան և անոր հետ հայությունը բարեփոխելը այսօր ամենահրատապ և գլխավոր հարցն է՝ լավագույն չէ միանգամընդմիշտ երկրին մեջ գործադրել ամենաարդար սիստեմները՝ եթե իհարկե այդ սիստեմները պատճառ չունին հանդիպելու ժողովրդական արգելքներու, որոնց տապալումը քիչ մըն ալ ժամանակի կարոտ է: Ընդհակառակը ժողովուրդին հասունության պետք չկա «աճուն տուրքը» դնելու համար։ Այս մեր միտքը ավելի կը պարզվի և կը հաստատվի, եթե քննենք անոր դեպ եղած առարկությունները և անոնց պատասխանենք։

1) Առաջին առարկությունը, զոր կընեն․ Աճունությունը, կըսեն, արդյունաբերության հառաջդիմության արգելք է: Արդյունաբերողը կը վհատի՝ տեսնելով իր եկամուտին մեծավ մասամբ զեղջվիլը։ Ասիկա դրական առարկություն մըլլալե առաջ ինչպես կը տեսնվի հոգեբանական է, բայց ո՛վ չի գիտեր, թե շահու ծարավը որչափ որ այդ շահը նվազ քանակությամբ ըլլա՝ երբեք չի մարիր, բավական է, որ այդ շահը ծախքերու մեջ բոլորովին չխեղդվի։ Եվ «աճուն տուրքը՝» մեր ընդունած չափավորությամբը երբեք պատճառ չտար այդ վհատության։ Երկրի մը մեջ ուր անձնաբաժինը quote-part համեմատական սիստեմով 25 % է, մի՞թե ավելի վհատեցուցիչ չէ, քան թե հոն, ուր անձնաբաժինը 20 % է աճողական սիսաեմալ, և ատկե