Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարկավոր է, որ մարմինը հոգիին հավասար աստվածացած ըլլա։ Մարգարեն ապագան կը տեսնե, հերոսը կը պատրաստե զայն։ Մեկը օրենսգետն է, մյուսը՝ օրենսդիրը, առաջինը Աստուծո դեռ չսերմանված խոսքը կը հնձե, վերջինը դեռ չհնձված խոսքը կը սերմանեմ այս վերջինը այնքան մոտ է երկնաբնակներուն, որոնց ձեռքին մեջ ստեպ կը խառնվի իր ձեռքը, անոնցմե կառնե ճոշանը, և՛ սաղավարտը, և՜ լախուրը, և՛ նիզակը, և՜ սուրը և անոնց առաջնորդությամբ կը դիմե դեպի Հառաջդիմության կռիվները: Հերոսները անիվներն են, որոնց վրա շրջան կառնե հառաջդիմությունը։ Եթե բարեշրջումը իրավցնե առանց գիտակից ազդակի կիրագործվի դարերուն ընթացքին մեջ, բայց միշտ հերոսի մը պետք ունի իր դատավճիռն ընդունելու համար։ Տարիները մարդկային մտքին խաղաղ աշխատությամբ կը սերմանվին, բայց դարերը հերոսի արյունով կը հասուննան։ Իմաստասերները և ընկերաբանները կուգան շաղվել իրենց վարդապետությաններով հառաջդիմության շաղախը, լավագույն կենցաղի մը մտատիպարը, բայց հերոսն է, գերմարդը, որ այդ ապագա լավագույն կյանքի շենքին հիմունքը պիտի հաստատել մարմար մարմարի վրա պիտի զետեղե, պիտի տեղավորե լուսակառույց սուները։ երկաթները պիտի ձգե որմե որմ, մինչև որ կերտվի քաղաքակրթության տաճարը, սյուները շողան, և խորանը պատրաստ ըլլա ընդունիլ կարենալու համար գաղափարին զոհը, և այդ զոհը՝ ինքն է՝ տաճարը կառուցանող նույն այդ հերոսը․ իր արյունը պիտի հեղվի սեղանին վրա իբրև դրոշմը իտեալին տիրապետության։

Այս գռեհիկ աշխարհին վրա ամեն գերմարդ զոհ մըն է։

Եվ առանց զոհի հերոս չկա։