Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1911


15. ՀԱՅ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐԸ

Չեմ գիտեր թե պիտի կրնա՞մ համառոտակի հայտնել կարծիքս շաբաթաթերթ «Ազատամարտի» կազմակերպած enqueտե[1]-ին։ Կը փորձեմ ըսել։ Բայց մեծ բաղձանքս է լսելը անոնց տեսությունները, որոնք կրցած են մարսել նախնիքներու ըստվար հատորներեն մինչև այսօրվան մեր վիժած մատենիկները։


Պատասխան առաջին հարցումին

Մենք ազգի մը լեզուն ճոխ ու կատարյալ կը համարինք այն ատեն միայն, երբ ան ընդունակ Է հաջող կերպով պատկերելու այդ ազգին մեծամասնության հոգեբանությունն իր բոլոր երանգներով, երբ մյուս մասամբ կը պահե իր մեջ նկարագիրը այն նախնիներուն, որոնց բերնին մեջ կազմավորված է իր նախնական ձևը։ Այս հատկությունները ունի՞ թրքահայ լեզվին արդի կացությունը, կամ իր մշակումը կը ձկտի՞ դեպի այդ հատկությունները. ահա այն տեսակետները, որոնց համեմատ միայն ճիշդ է դատել մեր լեզվին արդի կացությունը։

Հորմեհետե արդի աշխարհաբարը անընդհատ բարեշրջումով մը անջատվեցավ իր աղբյուրեն՝ Միջնաշխարհի լեզվեն, սկսավ նախ կամաց-կամաց միտիլ դեպի գրաբարը՝ ժամանակ մը նույնիսկ կարծել տալով թե համր վերադարձ մըն Է, որ կը կատարվի եղիշեի և Բագրատունիի բարբառին։ Բայց այդ վերադարձ համարվածը չափավոր և բարերար մշակում մըն էր, վասնզի մեկ կողմեն բառերու և ոճերու պաշար մըն էր, զոր փոխ կառներ, և մյուս կողմեն քերականական ձևերն ու այդ ձևերով կաղապարված գրաբար ասացվածքները կը թոթափեր

  1. Հարցարան։