Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրմե։ Աշխարհաբարը կը հեռանար Միջնաշխարհի լեզվեն․ ի՞նչ էր ատոր շարժառիթը։ Մենք կը գտնենք գավառի մեջ կատարվող գրական շարժումի մը պակասը, քաղաքական բռնակալ ռեժիմի մը հետևանքը, որ անջատեց գավառը մտավորական ու գրական շարժումեն, որ տեղի կունենար Պոլսո մեջ։ Գավառացին եթե գրեր, ցավեր ուներ պատմելու, ինչ որ արգիլված էր սև գրաքննության մը կողմե։ Այսպես՝ ժամանակ մը լեզուն Պոլսո մեջ մշակվեցավ, և Պոլիսը մաքրելով հանդերձ լեզուն գրաբարի մեր հիշած ձևերեն՝ զայն խաթարեց ֆրանսաբանություններով, կլայեկելով հայ գրիչը ֆրանսական գրականության ամենեն սինլքոր վեպերու և ֆանթեզիներու ազդեցությամբ։

Լեզուն սկսավ օտարանալ և ստրկանալ կարգ մը գրիչներու տակ, որոնք չունեին պահանջված տաղանդը՝ գոնե զայն պահպանելու համար այն ձևին մեջ զոր իրենց հանձներ էին Պ. Դուրյանի, Գ. Օտյանի և Հ. Պարոնյանի նման շքեղ գրագետներ։ Ուրիշներ, ավելի տաղանդավոր, ինչպես Գ. Զոհրապ, Սիպիլ, Մ. Մեծարենց, Ինտրա և այլն, փորձ մը ըրին (թերևս անգիտակցաբար) զարգացնելու լեզուն և դնելու զայն այն մակարդակին վրա, որ կարող ըլլա պատկերել ֆրանսական իրապաշտ մտքի նրբությունները և խորհրդապաշտ դպրոցի երանգներն ու խաղերը։ Այդ մշակույթն ալ ուրիշ ուզգություն ուներ․ կը դիմեին գրաբարին և օտարաբանություններու, և Ե․ Տեմիրճիպաշյան անոնց ձեռքին մեջ կը դարձներ ջահրակը նորանոր բառեր մանելու, խայտաճամուկ թելերու բավական տարօրինակությամբ։ Բայց ո՞ւր էր գավառը, ուր ժողովուրդի հոգվույն ամբողջականաթյունը կ՝ապրի, ո՞ւր էր գավառը հզոր, գունագեղ, իրապաշտ իր աշուղներու հույլերով։ Այն լեզուն, որ իր ծոցեն հեռ ու կը սաղմնավորեր, անշուշտ պիտի չկրնար արտահայտել այն մեծ իտեալները, այն վսեմ պատկերներու դյուցազներգությունները, որոնք իր մարդուն և իր հողին կը պատկանին։ Այդ լեզուն իսկապես չունեցավ ժողովուրդի մը մեծ սրտին տիեզերական բաբախյունները, թեպետև, խոստովանինք, ան շատ հաջող, շատ մանրազնին ուրվագծեց ջղայնությունը ենթակայական հույզերու։ Բայց լեզուն հոտ չմնաց, սա վերջին տարիներուն