Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ նոր կերպավորումներ սկսավ ցույց տալ, երբ սահմանաdրութjունը մեկ կողմեն արտասահման գտնվող հայ գրողներու հոսանք մը բերավ Պոլիս, և մյուս կողմեն գավառը հետաքրքրվեցավ այն տեսակ գրական շարժումով մը, որ իր ցավն ու իտեալները կը պատմեր. այս վերջին երևույթեն ծնունդ առին այն մեծ ու փոքրիկ քերթողները, որոնք մայր հողին զավակներն են և որոնց մեծամասնությունը, թեպետև դեռ գաճաճորեն դյուցազներգակ, բայց անշուշտ պիտի տան այնպիսիներ, որոնք ատակ ըլլան կանգնելու անմահության կոթողներ։ Արտասահմանի մեջ մշակված հայ լեզուն կորովի էր և դասականորեն իրապաշտ, նույնիսկ այն պանդուխտ գրիչները, որոնք խորհրդապաշտ դպրոցը մշակեցին, տարբեր եղան Պոլսո խորհրդապաշտներեն՝ իրենց ուժգին և բարբարոս շեշտովը, որ արդյունք էր ազատ միջավայրին։ Արտասահմանի այդ գրողները թեպետև ունեցան տոկուն աշխարհաբար մը, բայց դարձյալ չենք կրնար ըսել, թե բոլորովին զերծ են օտարաբանություններե։ Անոնց նույնիսկ տաղանդավորներուն գրչին տակ ստեպ-ստեպ սպրդած են ինչ-ինչ բացատրություններ, որոնք բացարձակապես անհաշտ են հայուն արտահայտվելու կերպին և հայ լեզվի ոգվույն։ Ոևէ ուժ յուրացնելու մեր ընդունակությունը՝ շատ անգամ խաթարած է մեր ստեղծելու ոգին․ ուստի, այս իսկ պատճառով, մենք պիտի դատապարտենք յուրացումի այն դյուրությունը ցեղի մը համար, որ այլևս հասած է քաղաքակրթության որոշ մակարդակի մը, այլապես մենք վրա կուտանք ոչ միայն հայ լեզվին տոհմիկ դրոշմը, այլ<և> ցեղային նկարագրին անբռնաբարելի ամբողջականությունը։ Ես կը սիրեմ շովինիզմը հանդեպ իմ լեզվիս ու իմ ինքնուրույնությանս։


Այժմ մեր աշխարհաբարը արագ կազմավորման մը մեջ կը տեսնեմ։ Իր մշակման հալոցին մեջ տակավին խայտաբղետ է անիկա։ Ամեն գրական և գիտական սեռերը իրենց հատուկ լեզուները կը գործածեն, զոր ի մի հավաքելով՝ դեռ չենք կրնար ունենալ իր ձևերուն իր հատկանիշին և իր քերականության մեջ