Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչ որ դժվարին չենք գտներ և ինչ որ ռուսահայերը նկատի չեն առած, ու լեզուն ժողովրդականացնել ջանալով, օտարացուցած են զայն այլատարր բառերով։ Ուրիշ ասպարեզ մը, ուր աշխարհաբարը դեռ շատ տեղ ունի աշխարհակալելու է գրաբարը։ Ինչպես արդի սերունդին ուղն և ծուծը պետք է կազմե մեր նախնիներուն նկարագիրը, այսպես ալ արդի լեզվին մեջ հա՜րկ է, որ կանգնի գրաբարի միջնասյունը։ Չենք ընդունիր, որ մեր ֆեսն ու տաբատը մեր մեջ բան մը փոխած ըլլան այն հայերեն, որոնք սաղավարտ և պարեգոտ կը հագնեին, չենք ընդունիր նմանապես, որ վերտ պաճպանակներով վառվածը նշանախեց մը իսկ զեղչե վառեալ վերտ պահպանակօքի ներքին գեղեցկութենեն։ Գրաբարի դեռ շատ մը ասացվածքները ու ոճերը իրենց հնաբույր աղվորությամբ կրնան վերանորոգվիլ, աշխարհաբարանալ ու մեր արդի լեզվին տալ կենեղուտ առուգություն մը։ Գրաբարի մեջ ակնհայտնի կը տեսնվի նկարագիրը այն տոհմին, որուն արյունը սեպուհ էր և ազնվական շառավիղ։ Ինչպես արդի սերունդը, նույնպես արդի լեզուն՝ շատ պետք ունին այդ զարմիկ անցյալին ազնվականութենեն, խրոխտութենեն բան մը յուրացնելու։ Ահավասիկ այդ ուղղություններով միայն մենք կը կարծենք թե աշխարհաբարը իրավունք պիտի ունենա կոչվելու իսկական սեփականությունը հայ ժողովուրդին, դառնալու այն գոգավոր հայելին, որուն մեջ ամփոփված ըլլան բոլոր ընտրված ճաճանչները տոհմիկ անցյալին ու եղերական, բայց ըմբոստ ներկային։ Եվ որպեսզի լեզուն այս բարեշրջումներով ընթանա՝ բացարձակապես հարկավոր է, որ տաղանդները ձկտին միշտ այդ կրկնակի ուղղություններուն։

Այդ մեր նախատեսած հայերենը միայն պիտի ըլլա կորովի, ազնիվ ու դասական աշխարհաբարը, որուն հիմը արդեն դրված կը տեսնեմ մեր կարգ մը գրիչներով և մասնավորապես այն արձակով, զոր կը հյուսեն Ա․ Չոպանյան, Ռ․ Զարդարյան և Թլկատինցին, այն քերթվածներով, զորս երգեց Ա. Յարճանյան իր վերջին երկու հրատարակություններուն մեջ և այն թարգմանություններով, զորս Հ. Ա․ Ղազիկյան բյուրեղացուց իր Օսիանին, «էնեականին» և Լեոփարտիի երգերուն մեջ։