Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացի գրագետներե և քանի մը ցանցառ դեմքերե՝ Ռուսաստանի մեջ եղած մտավորական ու բարձր դասակարգը, որուն կյանքը նրբացած է, ավելի կամ նվազ օտարամոլության, ռուսացման մեջ է ընկղմած և ի վիճակի չէ երբեք հիմնովին ճանչնաչու և ճաշակելու շքեղությունը հայ լեզվին և հայ գրականության։ Բացի այս՝ արևելյան աշխարհաբարը թրքահայերենի պես չէ մշակված սրահներու մեջ փափուկ և մեղկ հասարակության մը կենցաղով. այլ միշտ քաղաքական շարժումներով փոթորկված և նման հերարձակ ամբոխավարի մը՝ զարգացած է հրապարակին վրա, ջղագրգիռ քաղաքացիներու forum-ին մեջ։ Կարճն ըսենք. թրքահայ լեզուն իր ներքին արժեքով ավելի մոտ է գրաբարին, իսկ քերականությամբ անկե ավելի հեռու․ ընդհակառակն ռուսահայ լեզուն իր քերականությամբ գրաբարի մերձ, իսկ ներքին արժեքով ավելի հեռու է անկե։ Եվ ասիկա երկու բարբառներուն միջև եղած ամենեն լայն խրամատը կը նկատենք, որուն մեկ ափեն մյուսը ցատկել պահ մը մտաբերած է «Ազատամարտի» enquete-ին երկրորդ հարցումը: Բան մը, զոր մենք ոչ միայն անպատեհ կը գտնենք, այլ նաև անկարելի, եթե խնդիրը կը վերաբերի պայմանագրական ձուլումի մը: Բացատրենք մեր միտքը․

Նախ հարկ է ըսել, թե լեզվական պատմությունները ոչ մեկ օրինակ կընծայեն պայմանագրական ոևէ ձուլումի այնպիսի՝ բարբառներու միջև, որոնք իրարմե այնքան էական զանազանություններ ունին, զանազանություններ, զորս վերև ամառոտակի հիշեցինք: Բացի ասկե, արևելյան և արևմտյան հայ բարբառները իրենց սեփական հատկանիշներով մեզի տված են ուրույն-ուրույն գրականություններ։ Անցյալ մը ունին անոնք՝ իրենց հիմնական շրջագծին մեջ քիչ թե շատ հաստատված, նվիրագործված գրչի անընդհատ արտաբերություններով, դեմքերով, որոնք երկու կողմե ջանացին մաքրել և մշակել լեզուները և այդ լեզուներով արտադրել մատենադարանի մը արժանի հատորներ:

Այդ տեսակ ձուլումի մը դեմ կա մեկ ուրիշ արգելք մըն ալ՝ ժողովուրդը: Այդ բարբառները ոչ միայն կը գրվին, այլև