Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միշտ բարքավոր) այլևս կսկսին կնիկներուն վրա կոթնիլ իրենց դատը պաշտպանելու համար. այս մասին մենք շատ օրինակներ կրնանք տալ ի պահանջել հարկին։ Համենայն դեպս՝ ես պիտի առաջարկեի Թերզյանի տեղ այդ մայրապետը հիշել ի հարգանս իգական սեռի դյուցազնությա՛ն Խոնարհինք կիներուն առջև՜․․․ Հիշատակելի է նաև մի վարդապետի տաք գլուխ ժեստը, որ տեղի ունեցավ պատարագեն վերջ, առաջնորդարանին սենյակը։ Վարդապետը՝ հակառակ իր պետին շատ ճարպիկ մասնակի զղջումներուն, կը հայտարարե, թե իր արյան մինչև վերջին կաթիլը պիտի պայքարի և պիտի հիշե՜ Թերզյանը։ Ահա հայտարարություն մը գլխովին տոնքիշոտական։ Մինչդեռ իրականությունը սա է, թե մինչ ցարդ, եթե երբեք արյուն մը թափված է Թերզյանի խնդիրով և անո՜ր պատճառով՝ ան ալ ժողովուրդի մեկ զավկին՝ Համարյանի արյունն եղած է Սագըզ Աղաճի պատրիարքարանի սալահատակներուն վրա, զոր մեր այսօրվան Արհիապատիվները անոր ամբողջ տաքությունը կոխկռտած եկած են հոս, գավառն երբ՝ դեռ երես ունենալով մեզ խոսելու մերթընդմերթ իրենց «սիրելիներս» գեղահատերը կլլեցնել ուզելով։ Վերջապես ժողովուրդը կը զայրանա վարդապետին այդ զապատայական խոխքերուն վրա և քիչ կը մնա, որ զայն դուրս չպրտե։ Թերզյանի համար պատրաստ են եղեր արյուն թափել․ ո՞ւր էիք, գերապատի՜վ հերոսներ, այն բռնակալական շրջանին, երբ ամբողջ ազգը կը հարստահարվեր, երբ եկեղեցիները կը բռնաբարվեին, այն ատեն (թողունք ձեր արյունը․ որ այն արդեն խառնակված է լատինականությամբ) գոնե ձեր գլուխը ցուցուցի՞ք այդ ազգին գրական կերպով ծառայելու համար։ Քարոզեցի՜ք միայն առաքինություն մը, որուն դուք իսկ ձեր կյանքը չմոտեցուցիք։ Բայց դուք ձրի արյուն ունիք եղեր թափելու, թափեցեք որչա՜փ որ կուզեք, ազատ եք, և թող Թերզյանն ու Գոյունյանը միշտ ցնծան անոր հոտեն։

Ամենեն հատկանշականը սա է սակայն։ Երբ իրենց կարգիլվի Թերզյանի հիշատակությունը, անոնք անմիջապես ձայնավոր պատարագը կը դադրեցնեն և կը վերածեն թիվի:

Մտայնություն մը, որ անգամ մը ևս կ՝ապացուցանե անոնց