Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեթև վերաբերումը հանդեպ ժողովուրդին բարեպաշտութեան և հանդեպ ձայնավոր պատարագի գեղեցիկ վեհության։ Ազգադավի մը անունը ավելի նվիրական է եղեր, քան թե կրոնական նվիրաշուք արարողությունները։

Մենք ժողովուրդին խորհուրդ կուտանք, որ ուղղակի պահանջե ձայնավոր պատարագը առանց Թերզյանի հիշատակության․ այդ իր իրավունքն է․ իսկ եթե չենք կրնար ընել, կըսեն՝ պետք է հեռանան այս տեղեն իբրև անպետ կարասի և ավելի ազատամիտ և ավելի ժողովրդասեր կղերներ բերվին։

«Ազգս ազգիս համար, կրոնքս կրոնքիս համար», ահա այն բնաբանը՝ զոր մենք սորվեցանք քառասուն Թերզյան արժող Մխիթար Աբբայի սերունդեն։ Ատոր պայքարն է, որ մղված է և կը մղվի մինչ այսօր․ ասիկա ազգային և ժողովրդական իրավանց համար եղած պայքարն է։ Մի՜ հավատաք բնավ, թե կաթոլիկությունը հաստատված է եկեղեցվո կալվածները կղերին ձեռքով մատակարարվելու և այլն սկզբունքներու վրա՝ ինչպևս իրենք կըսեն, և թե այս բանս չընդունողը՝ կաթոլիկ չէ՝ ինչպես դարձյալ իրենք կըսեն. ո՜չ երբեք․ կրոնք մը շահաիտական հիմունքներու վրա չի կրնար հաստատվիլ, հակառակ պարագային կաթոլիկությունը շատ անարժեք կրոնք մը պիտի ըլլար։ Մեր պայքարը ուղղված է կղերին՝ իր սահմանեն դուրս ունեցած բռնակալության դեմ, որ պիտի տապալի՝ նույնիսկ ի փառս քրիստոսի կրոնքին։ Գործը պետք է շարունակենք մենք՝ մինչև որ ճշմարտությունը և Արդարությունը տիրապետե։ Եթե մենք վատաբար թուլնանք, վստահ եղեք, որ մեր զավակները անպատճառ մեր սխալը պիտի սրբագրեն և անոնք պիտի ըսեն․ Ա՜յս է դարուս վճիռը։