Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Քերթողական արվեստեն» շատ զանազանություններ ունի, հետևաբար դասականությունը միջավայրե միջավայր կր փոխվի ինչ ինչ կետերով։

Դասականեն կր փնտռվի ճշմարտին սերը, լեզվին մաքրությունը։ Դասական քերթվածներն իրենց հատուկ բառերը, ոճերն ունին. պետք չէ բնավ հասարակ, գռեհիկ բառեր ու ոճեր գործածել։ Ֆրանս<ական> դասականության մեջ «շուն» բառը գործածել քրեական հանգանք էր։ Դասականության համար ժամանակն ու միջավայրն ալ նկատի առնել կարևոր է, վասնզի ամեն տեղ և ամեն դար դասական գրականություն մը չարտադրեր, օրինակի համար, Հնդկաստանը դասական ուղղությամբ երկեր չէր կրնար տալ, երբ ակնարկ մը սևեռենք անոր հոծ ու մթին անտառներուն, խորդուբորտ լեռներուն ու ձորերուն, որոնց մեջ բնակող մարդկությունը՝ բնության ուժերու սարսափին ենթարկված՝ չէր կարող հոգեկան խորհրդավոր վիճակով մը դասականություն ունենալ։ Իր «Մահապարաթան» ու «Ռամայանան» միայն հավասար կը նկատվին Աստվածաշունչին ու Հոմերոսին։ Նույնպես Եգիպտոսը, տափարակ ու ջերմ կլիմայով, ուր ամեն դյուրություններ կը գտներ ապրուստի հոգն ունեցող մարդը, չէր կրնար դասական գործ մը արտադրել, ամեն ինչ իրապաշտ էր հոն, ինչպես Ռամսեսներու արձանները, կոթողները, որոնք նյութականության դրոշ մը կը կրեն։

Արդ, ո՞ր երկիրը պիտի ըլլար այն, որ հայրենիքը հանդիսանար դասականության. Հունաստա՞նն է այդ, որ կույսը, կինը, չքնաղ Աստղիկը փառաբանեց վեհորեն։ Հունարեն լեզուն վճիտ, հնչականությունը պարզ, երգվեցավ Հոմերոսեն։ Հունական հեղինակության մեջ ենթակայականը (subjectif) չէ, այլ առարկայականն է (objectif) հզոր. Հույներուն եսը չէ, այլ ընդհանուր ճշմարտությունն է, որ կը ցոլա։ Արդ, այդպիսի գրականության մը մեջ ո՞ր սեռը պիտի մշակվեր առավելապես. իհարկե քնարերգությունը չէր զարգանար, այլ թատերականը, որ առարկայական սեռ մըն է․ այսպես և առարկայական ազդեցությունը կը տեսնվի իր հոյակապ քանդակներուն, շնորհագեղ արձաններուն վրա։