Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյութեն. զորօրինակ, կյանքի հույսը պատկերելու համար՝ ան կառնե շուշանը, ո՜չ թե շուշանին ձևը, այլ անոր երևույթը, որ հույսն իմացնե, մինչ այլաբանությունը կյանքի արտաքին մեկ երևույթը ցույց կուտա. ուրեմն խորհրդապաշտ տությունն այն արվեստն է ուղղակի, որ հաջորդական պատկերներով կուզե իրերուն ներքինին մոտենալ։ Արվեստ մը պետք էր, որ ունենար իր միջոցը. վիպապաշտները, պառնասյանները նկարչությունն ընտրեցին, խորհրդապաշտները՝ նվագը. վերջինս ո՜չ միայն եղած իրերուն պատկերն է, այլ նաև հոգիին նկարչությունն է։ Խորհրդապաշտներուն համար ընդհանրապես կըսվի, թե մութ են, ճի՜շդ է. ժողովուրդը չի կրնար հասկնալ զանոնք և մութ կզգա, արդեն խորհրդապաշտությունը հասկնալու համար պետք է ունենալ զգացումի զարգացում։ Ահա վերջապես խորհրդապաշտը եկած և ուղղակի կյանքի սփինքսին մոտեցած էին. և կարող ենք ըսել, թե վիպական դպրոցեն ավելի տարածվեցավ խորհրդապաշտությունը։

Ապագայապաշտությունը ծնավ Իտալիա։ Ասոր մեջ գրեթե ավելի աղմուկ կա. իր խորքը պարզ ու միջակ է, իսկ ձևը՝ խառնուրդ մը: Խորհրդապաշտության և իրապաշտության պես ինքնուրույն դպրոց մը դառնալու նշաններ ցույց չի տար, գեթ առայժմ: Ապագայապաշտները նյութ կընտրեն, նպատակ կառնեն գիտության վերջին հառաջդիմական երևույթները, ազդակները, զորօրինակ, կարհամարհեն գյուղական խրճիթի մը ճրագն ու կը փառաբանեն էլեկտրական լույսը, կանգոսնեն ձին ու կերգեն վայրաշարժը, կը պահանջեն փլուզումը Ս. Մարկոսի հնավուրց պատմական եկեղեցիին։ Ասոնց ուղիին մեջ, սակայն, կա ճշմարտություն մը, կը պնդեն որ Ապագայի մարդը պետք Է ստեղծե նիցշեի գերմարդը։ Անոնք, իմ գաղափարով, տակավին ոևէ իրավունք չունին դպրոցի անուն տալու, քանզի ապագայապաշտությունը քաղաքական շարժում մըն է, ո՜չ թե գրական։ Ծնած վայրն Իտալիան՝ Հյուսիսեն Ֆրանսայի ազդեցության տակ ու հարավեն տգիտության մեջ թաղված՝ կը հեծե․ ժողովուրդը թույլ, ծույլ ու թշվառ է, արևին շուքերուն տակ ման կուգա «բան մը չընելը լավ է, ընելը՝ սիրելի» ըսելով. իրենց երգերուն մեջ նույնիմաստ նախադասություններով