Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դանդաղություննին, աղտոտություննին կը հայտնաբերեն։ Անոնց ստրկացած, ինկած վիճակը, այդ լճացումը մաքրելու համար՝ պատերազմ մը, վերիվայրում մը պետք էր, զոր հուզեցին, վեր հանեցին մտավորականները. ասոնք չուզեցին բնական խաղաղ ուղիով ձեռք առնել պայքարը, այլ վերիվայր շրջումով մը. պատերազմին փառքը ներբողեցին, որպեսզի ժողովուրդն իր խորունկ թուլութենեն, մեղկ ստրկութենեն առնական կորովի, ուժգին շարժումի դարձնեն։ Կառավարությունն այս շարժումին համամիտ չէր, բայց ստիպվեցավ լռել։ Ապագայապաշտության հիմնադիր Մառինեդդի՝ բանաստեղծի իր անբիծ, սուրբ զգացումներուն դեմ չգտավ երթալ Ափրիկեի մեջ արաբներ ջարդելը, քիչ մը կենդանության մղելու համար իտալացի ռազմիկ ժողովուրդը, և վիրավորվեցավ ալ։ Իրենց քանի մը բանաստեղծներն ուղղակի տաղանդ են։

Վերջացնելե առաջ, հիշեմ թե այս բոլոր դպրոցները մեր մեջ ալ համաչափ ուղղությամբ երևցած են, իրենց ազդեցությունը թողոլով ցեղային հիմունքին վրա։ Բագրատունի դասական մըն է իր «Հայկ Դյուցագնին» մեջ, պահելով հայկական շքեղ դրոշմ Ալիշան՝ ռոմանդիկ մը՝ իր հայրենանվեր շունչովը, նաև ուրիշներ. այդ ծաղիկները պետք է ապրեցնել։ Գեղարվեստով է, որ կապրի ցեղ մը։ Մեր ժողովուրդին անտարբերությունն՝ ընթերցանության, և վերաբերումը հայ գրողներու հանդեպ՝ ցավալի է․ եթե նա հայ գրողին հետ վերաբերվեր ֆրանսացի գրողին հետ եղած չափով, մեր ցեղային ապագան կապահովվեր։