Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը ցաթեր ֆրանսական փարոսին յուրաքանչյուր ճառագայթ, անդրադարձվելու համար հետո, դժնդակ զոհաբերումով, օսմանյան երկրին խավար խորքերը՝ մինչև ծայրը դահիճներու սուրին․..

Խորհիլ, գրել, գործել, պայքարիլ լքված Ժողովուրդի մը համար․ ահա՜ քսաներորդ դարու ասպետականությունը՝ որ կուգար խթանել Եվրոպայի խիղճը, բանալ Քաղաքակրթության աչքերը, արթնցնել մարդկային Միտքը, զոր կը սպաննեին հայ ժողովուրդին մեջ իսկ, և այսպեսով կը կուրցնեին համաշխարհային ըղեղին մեկ զորավոր բջիջը։

Այսօր այդ գաղափարի Ասպետը ոչ ևս է։ Իր կյանքը մեզի տրվեցավ, և իր մահը՝ Ֆրանսային. գերագույն նվեր․ և որքա՜ն պիտի ուզեինք դեռ ունենալ իր լուսահորդ աճյունն ալ մեր մեծ զոհերուն աճյուններուն քովը, արյունով արշալուսված մեր մայրենի հողին մեջ։

Բուռ մը ծաղի՜կ իր շիրիմին վրա՝ մեր քաջերուն կողմե, որոնց սուրերուն ան հավատաց և որոնց համար հայությունը անգամ մը ևս ան սիրեց։

Բուռ մը կնդրո՜ւկ իր ճակատին վրա մեր պարմաններուն կողմե, որոնց առջև ան երկար տարիներ իր սրտին ու մտքին ոսկետուփը բացավ։

Բուռ մը արցո՜ւնք իր սրտին վրա՝ մեր մայրերուն կողմե, որոնց սուգին ի խնդիր՝ ան իր անկաշառ գրիչը մխրճեց քնացած խղճի՜ն մեջ Մարդկության։

Ու երբ վաղը, հանուն մեր կրանիթե հավատքին, բարձրացնենք մեր հաղթանակին լեռնակուտակ մարմարները՝ Փիեր Քիյարի արձանին վրա հայ ազգը ոսկի մուրճով պիտի քանդակե։

«Ահա ֆրանսացի մը, որ հայության ծառայեց՝ քաղաքակրթությունը փրկելու համար»։