Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոր Դեմետր, մեծցած էր ողկույզներուն տակ երազուն՝ «վարեն ահեղավազ Եփրատին ունկնդրելովն։

Հետո Փարիզն էր, որ կը խմորեր իր հոգին․ կը կազմվեր իր մեջ արաբական նուրբ նժույգը փրփրերախ։ Առհավական Ոստանը իր մեծազդող հուզումներով կազդեր քերթողին վրա՝ ազդելու համար հետո իր խուճապորեն գեղեցիկ արվեստին վրա։ Եվ չէ՞ մի որ, հետո, Սիամանթոն կարծես էյֆելին կատարը բարձրացած լայներախ շեփորով մեռելները կը կանգնե շիրիմներեն և մրրկորեն կը մտրակե ողջերը։

Ավելի ետք, Զվիցերիան, իր բարձրաբերձ լեռներով ու այդ լեռներուն քաղցր սոսկումով կառնե քերթողն իր ծոցին մեջը, կը ձուլե կարապն ու նժույգը, կը համադրե երազը աղաղակին հետ և կր վերստեղծե Ա․ Յարճանյանը՝ «Հայրենի Հրավերներուն» երգիչը։

Ու կը մտնե ան հայ բանաստեղծության ասպարեզը՝ այն օրերուն մեջ, ուր հայ տառապանքը իր գագաթնակետին հասեր էր։ Վիշտն ու պայքարը միասին ու զուգահետ կակոսեին հայրենի հողը, հայ կյանքր ու Ժնևը, ուր կապրեր Յարճանյան, կեդրոնը կըլլար վայրկյան մը վշտահարներուն և ըմբոստներուն։

Նույն ահեղ օրերուն հայ բանաստեղծական գրականությունը նախանձելի ոչինչ ուներ։ Հիները գացեր կամ քաշվեր էին։ Պ․ Դուրյանի, Պեշիկթաշլյանի և Թերզյանի քնարներուն վերջին շեշտերը հազիվ կը լեցնեին մեր հոգիները, Ալիշանեն ծիրանեփայլ մեծ ստվեր մը մնացեր էր միայն, որուն տակ կրնային քիչ մը երազել մեր հոգիները՝ գալիք լավագույն քերթողներու հույսին կառչած։ Կային նորերը, ո՛չ միշտ անտաղանդ, բայց կքած բռնակալության թաթին տակ, կ՝երգեին միայն կինը, բայց ոչ այն կինը, որ իմաստն է կյանքին քանդող ու ստեղծող ուժերուն, կինը բավղային հոգիով, սրտերու դավադիր, ճակատներու նվաճող, կամ այն կինը, որ մայր է միանգամայն, ռյուպենսյան ներուժ կազմով, արյունով կենսավետ, որուն լայնալիճ կողերուն մեջ կ՝արգասավորին նոր կյանքեր նոր ապագաներով։ Էակի պահմանման արվեստը պիտի ըլլար այս, լավագույն արվեստը գուցե հանուն կյանքին։