Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց այդ նորերուն երգած կինը պուպրիկ մըն էր, որուն այտերը որդան կարմիր քսեցին քիչ մը ու գգվեցին զայն, օրորեցին երկա՜ր, երկա՜ր, քնարի օրորներով։

Ահա թև բանաստեղծական ինչ օրերու մեջ հրապարակ կը մտներ Յարճանյան։ Իր ձայնը լռեցուց բոլոր կակազումները։ Իր մուտքը եղավ մրրկային իր արվեստին պես ու հետևաբար՝ բարի ու վճռական։

Քերթողը նախ կուտար մեզի «Դյուցազնորենը»։ Ասոր մեջ հայրենիքի տառապանքեն ավելի հեղափոխությունը կերգե։ Նկարագրությունն է ան նվիրումի մը, ճակատամարտի մը և հաղթանակի մը․ ըմբոստացումներու համադրական մեկ նկարն էր՝ զոր հետո ընդլայներ, կանգ առնելով հերոսներուն և դրվագներուն վրա առանձինն՝ իր «Հայորդիներու» հոյակապ շարքին մեջ։

Քերթողը նման էր այն մարտիկին, որ բոցավառ թափով մը կսկսի կռվիլ և նախ խառնուրդին մեջ լի զգար այրուցքն իր ստացած հարվածին՝ մինչև որ ան պաղի վիրավորին խանդին հետ՝ զգացնելով սուր ցավը և կոտտումը։ «Հոգեվարքի և Հույսի Ջահերը» հետո միայն երևան եկող այդ ցավն էր, խառնված զարհուրանքով։ Զարհուրանքի և միևնույն ատեն տառապանքին քերթողը կըլլար ան, ըլլալու համար անշուշտ զորավոր քերթողը հեղափոխության։ Հայորդիները դյուցազնորեն կռվեր էին, տարեր էին հաղթանակներ՝ մաքրելով հայ հոգին ստրկության թույնեն և Ցեղին ճակատը վատության խարանեն, բայց կեղեքումը կը մնար կեղեքում, տառապանքը՝ տառապանք, կարյունեին հոգեվարքի ջահերը, հակառակ որ, հո՛ն, հորիզոնին վրա կը համառեին նշողիլ ջահերը դարավոր հույսին․ այս այն պահն էր, որ ուրիշ մեկ ցեղային մատյանի մը տիտղոսը պիտի կազմեր․ «Ցայգալույսը»։ Ճակատագրին Մթնշաղն էր ան․ Հուլիս ամսվա այն ցայգը, ուր վայրկյան մը հորիզոնին վրա լուսեղ Արշալույսը արյունոտ Վերջալույսին կը խառնվի։

Վայրկյան մը կարծեցինք թե հոգեվարքի ջահերը մարեցան այլևս․ Սահմանադրական օրեր էին։ Սխալ։ Յարճանյան եկավ մեզի գուժելու, թե ընդհակառակը՝ այժմ հոգեվարքի խարույկնե՜րը կը վառեն․ ստացեր էր ավա՜ղ, Կարմիր Լուրե՜ր