Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը կայանար այդ լեզուն իրենց կողմե ոչ ժողովրդական հորջորջելուն մեջ։ Սակայն կրնայի՞ն մեզի ցույց տալ լեզու մը, որ ժողովրդական ըլլար ու հասկցվեր թե՛ մշեցի, թե՛ վանեցի, թե՛ կարնեցի, թե՛ սեբաստացի և թե՛ կովկասահայ ժողովրդական զանգվածեն առհասարակ։

Այդպիսի ժողովրդական միակ լեզվի մը գոյությունը գոնե, մեզի անծանոթ է։ Ամեն գավառի ժողովուրդ իր լեզուն ունի, մերթ իրարու նման և մերթ տարբեր, և ամեն գավառի ժողովրդական գրող այնչափ չի հասկցվիր հեռավոր գավառի մը ժողովուրդեն, որչափ կը հասկցվի ոչ ժողովրդական ըսված մեր արդի աշխարհաբարը։ Սունդուկյանի լեզուն Խարբերդի մշակին համար չինարեն է, իսկ Թլկատինցիինը՝ Թիֆլիզի հայ բանվորին համար հապեշերեն, թեպետև երկուքն ալ ժողովրդական գրողներ ըլլան։ Իմ գավառս Ռ. Զարդարյանի ծննդավայրին հետ միշտ հարաբերության մեջ ըլլալով հանդերձ իր «Ցայգալույսին» մեջ բազմաթիվ տեղական բառեր կան, զոր չեմ հասկընար՝ բառարանին մեջ ալ չկրնար գտնելու դժբախտությունը ևս ունենալով։ Արդ պետք է գտնել այն ժողովրդական լեզուն, որ գեղեցիկ ու զարգացած ըլլալով հանդերձ համեմատաբար զայն ավելի մեծ թվով խոսողներ հաշվվին։ Այդ լեզուն՝ արդի աշխարհաբարն է թրքահայերուն համար, իսկ Ահարոնյանի ռուսահայերենը՝ կովկասահայերուն համար։

Երրորդ մեղադրանքը մեր աշխարհաբարին համար այն եղավ, որ իբր թե մենք չափազանց գրաբարի մը մեջ մխրճած՝ ենք այդ լեզուն։ Անտեղի կը գտնեմ նաև այս դիտողությունը։ Այսօր ոչ մեկ թրքահայ լավագույն գրագետ գրաբարի ցանցին մեջ ինկած է։ Մենք, ճիշտ է, հին լեզվեն առած ենք բառեր ու արմատներ, բայց բոլորովին լքած ենք անոր քերականությունն՛ ու ասացվածքին ներկայիս անհասկնալի ձևերը։ Հին լեզուն պղնձե հանք մըն է, որմն ճաշակավոր գրագետը բառական տեսակետով շատ բան կրնա դուրս բերել, զտել, հղկել ու կիրարկել վստահ ըլլալով, որ իր ըրածը անհրաժեշտ և բարերար է։ Դուք կուզեք անշուշտ, որ հայ ցեղը ստանա իր նախնի կորովը, ռազմիկ նկարագիրը, ազնվական ու խրոխտ այն ապրելակերպը, որ անտարակույս գոյություն ունեցած էր ժամանակին,