Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ հայությունը կը հնչեցներ իր բարբառը, բանակին մեջ, ռազմի դաշտին վրա կամ կոլորակեր իր լեզվին հնչականությունը արքունիքներու մարմարյա սյուներուն տակ, կամ սեպուհներու դահլիճներուն մեջ, ուր կը տոնախմբեին «Տիկնայք փափկասունը Հայոց աշխարհին»։ Երբ կուզեք անտարակույս հայ ցեղին վերադարձնել նույն այս նկարագիրը իր նախնիքներուն՝ ինչո՞ւ համար իր գեղեցիկ դպրության պիտի չվերադարձնեք նույն այդ նկարագիրը լավագույն կերպով ցոլացնող լեզվին ամենեն ուժեղ և արտահայտիչ գանձերը։ Այս երկրորդ ուղին է, ուրկե կրնա քալել մեր աշխարհաբարը․ առաջին ուղին գավառաբարբառներուն մեջեն կերկարի, ուր կարելի է գտնել և օգտադործել բնաշխարհի անպաճույճ և սիրուն ծաղիկներ, միամիտ ու սրտմոտիկ գեղեցկություններ։ Ու լեզվական այս ամբողջական ձևը, որուն լավագույն է որ դիմե հայ քերթողն ու գրագետը, հիմարություն է կարծել, որ պիտի հաստատվի քերականներու, բանասերներու և կարգ մը դրութենապաշտ ըղեղներու պարտադրությամբ, որ ըստ ինքյան արդեն ծիծաղելի է։ Այդ բանը պիտի ընեն գեղագետ-գրագետները իրենք, և հաջողությունը ուղիղ պիտի համեմատի իրենց տաղանդին ու ճաշակին։ Եվ այդ գործը գուցե կատարվի ոչ գիտակցորեն, բայց ավելի հստակաձև իրենց երազին պես ու հետևաբար ավելի հաջողակ։

Մենք այսպես կը նախատեսենք աշխարհաբարի ապագան, որ արդեն շատ մոտ կը թվի մեզի՝ բավական է, որ մեր ցեղը շարունակե իր ծոցեն դուրս հանել Յարճանյանի նման տաղանդներ։

Յարճանյանի աշխարհաբարը բավական նման է իր անձին․ խրոխտ, ճկուն և վայելուչ։ Բարեկեցիկ լեզու մըն է՝ չըսելու համար հարուստ։ Իր դյուցազունները ես կարծեմ ավելի հզոր պիտի ըլլային, եթե զանոնք քիչ մը ավելի հագվեցներ գրաբարին պղնձե բովեն հանված զենուզարդով, մարտագոռ բառերով, հստակ ասացվածքներով։ Այն ատեն պիտի տեսներ, որ նոր բառեր կերտելու ձանձրույթին ալ տեղի պիտի չմնար այլևս։ Այսուհանդերձ խոստովանինք, որ քերթողին նուրբ ու խորհրդապաշտ պատկերներու վճիտ ցոլացումը իր լեզվին