Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22. ՎԱՂՎԱՆ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Կը մոտենա թվականը այն կրկնակ հոբելյաններուն, զոր մեզ կը պարտադրեն առնելու հայ տառերու գյուտն ու տպագրության մուտքը հայերուս մեջ։ Եթե ակնարկ մը նետենք այդ երկու երևույթներուն վրա, անկարելի է, որ կարենանք մեր հիացումը զսպել հայ ոգիին մեծության վրա, որ միշտ ի հայտ եկած է իր համառության և փյունիկի հարաճուն թևավորումին մեջ։

Տառե՜ր, որոնք ծնունդ առին Սուրբի մը սրտին արյունին մեջ և շարունակեցին միշտ իրենց հարափոփոխ ձևերով ձուլվիլ արյունի, հրդեհի և անպատում սրածությանց խորը։ Ո՜վ պիտի կրնա գրել այդ տառերուն պատմությունը․ անոնք հրաշեկ գամերու նման Ցեղին գոյությունը հաստատեցին մագաղաթներու հավերժական հաստատությանց վրա։ Աստվածային «Ա»-են սկսյալ, որ աղոթողի մը նման բազուկները վեր կարկառած, դարերու ընթացքին մեջ, երկինքը հաստատ բռնեց հայության գլխուն վրա, մինչև ինքնամփոփ «Ֆ»-ն, որ հույսի քղամիդին փաթթված, սի՜րտը միայն բաց, քալե՜ց, քալե՜ց դեպի Արշալույսները գալիք օրերուն, այդ բոլոր տառերը, կսեմ, կարավան առ կարավան առաջնորդեցին մեր գոյությունը, մեր հայականությունը մինչև ներկա դարուն սեմին վրա։

Փա՜ռք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիությամբ, մոգական գրիչներու տակ հավաքված՝ Եղիշեին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ և Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրա ոտն առ ոտն բարձրացավ ամեն դարու ճակատին վրա՝ հոն փորագրելու համար Անմահությունը Ցեղին։

Եվ Տպագրությո՜ւնը մեր մեջ․ այդ կը նշանակե հայ մտքին լուսացիր սփռումը չորս ծագն աշխարհի, ուր հայ մը կար պանդխտացած, ծարավ՝ Մեսրոպյան լեզվին քաղցրահոս բարբառին։