Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ մամուլին ճռինչը ողբ մը եղավ հավիտենական. ան երբեք բարձրագոչ չծիծաղեցավ։ Լացավ այդ մամուլը լուսավոր արցունքներով, որոնք շիթ առ շիթ թափեցան հայ սրտին, հայ հողին վրա ու երևան բերին ամեն քանդումե վերջ նո՛ր վերածնունդը, ամեն առկայծումե վերջ նոր հրդեհում։

Եվ մենք անոնց հոբելյանը առնելով՝ տոնած պիտի ըլլանք ազգի մը դարավոր մշակույթը և մշակները։ Այդ մշակներուն մեծագույնները, որոնք արժանավոր կերպով գործածեցին տառն ու լեզուն, թուղթն ու մամուլը, այժմ ոչ ևս են։ Սահակի ու Մեսրոպի ոսկորները, Տարոնի և Օշականի մեջ, իրենց հույսին մսավորման կսպասեն իրենք ալ մսավորվելու համար։ Ալիշանինն ու թագրատունիինը պանդուխտ հողի վրա բնաշխարհի երազովը կը մորմոքին ու կը սրսփան։ Ինչպիսի՜ գուրգուրանքով առին անոնք տառի ու լեզվի այդ ավանդը ու հաջորդական ճիգերով զայն պահեցին, հղկեցին, անոնցմով գրականության ադամանդներ երեսակեցին ու հետո հանձնեցին նոր Սերունդին։ Այժմ այդ Սերունդը տերն Է այդ ավանդին, այդ կը նշանակե, թե տերն է իր և իր հաջորդներուն գոյության կռվանին։ Ինչ ավելի նվիրական պարտականություն, քան անխորտակելի, անկորնչելի պահել այդ կռվանը։ Ատոր վրա միայն կրնա կազմվիլ անբաժանելիությունը հայ անհատներուն ու հատվածներուն, ատոր վրա պիտի միանան ու իրարու բոցով հրդեհվին սիրտերը ուծացած, այդ կռվանին վրա է ջահը դարավոր Հույսին ու վերածնունդը դարավոր Ողջակեզին։

Անհատները կրնան ուծացվիլ, նժդեհության, սրածության մատնվիլ, բայց երբ հաստատուն պահված է սիրտերու մեջ տառերուն բևեռը, լեզվին անշիջելի ճառագայթը, կը բավե այդ ճառագայթը իրար բերելու, իրարու միացնելու համար անհատները իբրև ժողովուրդը, ժողովուրդը՝ իբրև Ազգ, Ազգը՝ իբրև Հայականություն։