Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խնամակալությունս ստիպվեցավ Ուսումնարանի պյուտճեեն 60 օսմ․ ոսկիի չափ փոխտվություն մը ընել ուսանողներու, հաշվույն։

Այսպես ներկա շրջանին մեջ ուսանողներու համար ծախսված է 200 օսմ. ոսկիի պատկառելի գումար մը։

Ինչպես վերը հիշեցինք, Ալլահվերտյան հրիտակեն տարեկան 60 — 65 օսմ. ոսկիի նպաստ մը պիտի ընդունինք հառաջիկա տարիեն սկսյալ, բայց հարկ անհրաժեշտ է, որ նոր օժանդակություններ գտնենք այս մասին, որովհետև ֆրանսական կառավարության կողմանե մեզի տրամադրված այս 9 պուրսերը այնպիսի բացառիկ շնորհ մը կը ներկայացնեն, որուն նմանը Պոլսո մեջ ոչ մեկ վարժարան կը վայելե։

Խնամակալությունս մինչև հիմա խիստ անկանոն կերպով եղած այս պուրսերու մատակարարությունը բարվոքելու համար մասնավոր Կանոնադրություն մը խմբագրեց, զոր Ազգ․ Վարչ․ ժողովն ալ հաստատեց և որ պիտի գործադրվի հառաջիկա տարիեն սկսյալ։ Կարժե ուրեմն որ այս պուրսերեն լավագույն արդյունքներ քաղելու համար, Հասարակությունը ամեն զոհողություն հանձն առնե և դրամական օժանդակություն ընե մեզի, որպեսզի ամեն կերպ դժվարություններե և բարոյական հոգերե վերջ՝ նյութական անկարելիության առջև տեղի տալու չստիպվինք և կարենանք աշխատիլ հասցնելու երկրին ու ազգին անձնվեր, ուսյալ և պարտաճանաչ անհատներ։

Այս քաղցր ակնկալությամբ կավարտենք մեր խոսքերը, շնորհակալություն հայտնելով բոլոր հանդիսականներուն, որոնք իրենց ներկայությամբ եկած են քաջալերել ազգ․<ին> Կրթական Գործը։