Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երրորդ դուռը արյունլվա և լալաճռինչ դուռն է, զոր պիտի բանաք մտնելու համար Հայրենի երկիրը, փշաստա՜ն ու բուրաստա՜ն։ Դուք պիտի չճանչնաք միմիայն տունեն խանութ տանող ուղին։ Դուք իբրև դաստիարակված երիտասարդներ, հավատարիմ պիտի ըլլաք տոհմային կրթության ու հայ արյունին, որ սերունդե-սերունդ եկած՝ ձեր երակներուն մեջ կը հոսի։ Մենք զձեզ երբ կը հանենք Ուսումնարանեն իբրև շրջանավարտներ, չենք ուզեր խառնել այն մարդերուն հետ, որոնց համար աշխարհը իրենց ստամոքսի մեծությունն ու արժեքը ունի միայն, որոնք իրենց շուքեն անդին չեն ուզեր խորհիլ և ոչ ալ գործել իրենց շահաստանեն անդին։ Մենք ձեզ զինվորագրված տեսնել կուզենք այն փոքրաթիվ մտավորականներու գունդին, որոնք ընտրյալներն են ազգին իբրև խորհող ու պայքարող ըղեղներ, որոնք ունին տիեզերական սիրտ մը, որ այս երկրին բոլոր տարրերուն համար ու ի մասնավորի իրենց ազգակիցներուն ի շահ՝ իրենց ուսման և կարողության լավագույն մասը կը զոհաբերեն, որոնք գրական կամ գիտական, քաղաքական կամ տնտեսական ամուր սկզբունքներու տիրացած՝ այս ավեր ու ավերակ երկրին ճակատագիրը դարբնելու համար իրենց մտածումը մուրճ կընեն ու իրենց լուսավոր ճակատը՝ սալ անխորտակելի, որոնք, վերջապես իտեալ ունին՝ առանց որո հայ զարգացած երիտասարդ մը կամ զզվելի եսապաշտ մըն է և կամ բուսական կյանքով ապրող ոչնշություն մը։ Իտեա՜լ ունեցեր, պարոննե՛ր, չարդարացնելու համար Կյոթեի ամբաստանությունը, թե հայը ծալապատիկ նստած կը ճաշվե, կամ գոնե ցույց տվեք թե հայուն հաշվածը չէ միայն տափակ մետաղը, այլ նաև հույսի և լույսի բոլոր այն շիթերը, որոնցմով օր մը պիտի պսակե հաղթական կոթողը իր ցեղին քաղաքակրթության։ Եվ ի՞նչ կռվանի վրա պիտի բարձրանա այս կոթողը, անոր խարիսխը, պարոններ, պետք է հաստատել լույսին և քրտինքին վրա, Գաղափարին ու Աշխատանքին վրա։ Խորհի՜լ ու կիրարկե՜լ — ահա փրկությունը անհատին ու մարդկության, որուն ի շահ ինկածները նահատակներ են և հաղթողները՝ անմահներ։