Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմնացումն, մյուս կատարելությունը, Ալիշանե՛ն իսկ առաջ հայտնված։

Ան Երգիչն է Միության, Սիրո և Հայրենիքի։ Ալիշան ավերակներուն վրա կախեց իր տավիղը, Պեշիկթաշլյան կախեց իրենը ժողովուրդին վրա՝ իբրև երկրորդ ավերակը նույն ժամանակվան պառակտված, քինացունց և ստրկացած հայության։ Ո՞չ ապաքեն այդ ստրուկները դյուցազներու զավակներ էին, չէ՞ր կարելի անոնցմով ստեղծել վերածնունդը հին ազնվական արյան, առաջ բերել նոր ույժ և նոր իտեալներ։ Մուսաները Այո՛ ըսինք ու ան երգեց։

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբայր եմք մեք:

Դեռ զինքը տեսնել կը կարծեմ, նիհար ու հանճարին համբույրեն տժգունած, ճակատը վեր աստղերուն, աչքերը մարգարեի մը աչքերուն պես ան վերադարձ տեսլացած, կը քալե տունե տուն, թատրոնե թատրոն, վարժարանե վարժարան քնարը ձեռքին մեջ ու մատները անոր լարերուն վրա․

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբայր եմք մեք:

Տեղ մը կուսուցանե հայկազյան լեզուն, իր մոգական մատներովը անոր գոհարատուփը կը բանա իր սաներուն առջև, և ահա նախապես մեր Լեզուն իսկ ծաղրող Սրբուհի Տյուսաբներ իր մագնիսականության ազդեցությամբ, նույն այդ լեզվով գրականություն կընեն, մատյաններ կերկասիրեն։ Տեղ մը միություն քարոզող մարգարեն է. ազգին մեծությունները պատմող և անցյալի դյուցազնություններով՝ ներկայի սրտերը տաքցնող, իրար մոտեցնող, մեկ զգացումի լարով շաղկապող և միակ բոցով մը զանոնք իրարու հետ մեկ հնոցի մեջ հալող, շաղվող գերահզոր Ոգին է Ան։ Ուրիշ տեղ մը զայն կը տեսնենք բեմին վրա, իր սեփական ճիգերովն ու ձեռքերովը կանգնված բեմի՞ն։ Առավոտը թատրերգություններ կը գրե և երեկոյին ինք անձամբ կը խաղա զանոնք՝ իր հավաքած ու ղեկավարած խումբին հետ։ Ի՜նչ փույթ, թե ձայնի ամեն մեկ ելևէջին, հուզման